ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իլհամ Ալիև. «Հայաստանի իշխանության սադրանքները վերջ չունեն»

Իլհամ Ալիև. «Հայաստանի իշխանության սադրանքները վերջ չունեն»
29.10.2015 | 12:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Բաքվում ընդունած Իլհամ Ալիևը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան ներկայացնող դիվանագետների հասցեին։ Բաքուն առաջին անգամ ծավալուն հաղորդագրությամբ մանրամասներ է ներկայացնում Իլհամ Ալիևի և միջնորդների բանակցությունների վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը որոշել է ելույթ ունենալ և դատապարտել ոչ միայն հայկական կողմին, այլև միջնորդներին։ «Հայաստանի իշխանության սադրանքները վերջ չունեն»,- այսպես է ելույթը սկսել Ալիևը՝ որպես ասածի ապացույց նշելով անցյալ տարի Փարիզում իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից երկու շաբաթ անց Ղարաբաղում մեկնարկած զորավարժությունները։ Ըստ Ալիևի՝ այդ ժամանակ հայկական զինված ուժերի ուղղաթիռները գրոհել էին ադրբեջանական դիրքերը, մինչդեռ Ադրբեջանը օրեր շարունակ լռում էր՝ անպատասխան թողնելով հայկական կողմի գործողությունները։ «Ադրբեջանը պատասխանել է միայն օրեր անց, այն էլ այն ժամանակ, երբ այդ ուղղաթիռները փորձում էին կրակ բացել ադրբեջանական դիրքերի վրա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հայկական կողմի սադրանքների շարքին է դասել, իր խոսքով, բռնապետական ռեժիմ ունեցող Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ «Ցավոք, դա ևս անպատասխան մնաց միջնորդների կողմից»,- արձանագրել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող երկիր, ադրբեջանական սահմանամերձ գյուղերի վրա կրակում է անգամ հարսանիքների պահին։ «Միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդները այդպես էլ ադեկվատ չարձագանքեցին հայկական կրակոցներին, և այդ ամենը Ադրբեջանի դիտարկմամբ՝ ստվեր է նետում միջնորդական առաքելության վրա»,- ասել է Ալիևը: Ինչ են պատասխանել միջնորդները իրենց ուղղված մեղադրանքներին, պաշտոնական Բաքուն չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ Ալիևի ելույթից հետո մտքեր են փոխանակել բանակցությունների ընթացքի և հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են նաև ադրբեջանցի փախստականների հետ և միաբերան հայտարարել փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին։ «Ադրբեջանում մենք հանդիպել ենք բռնի տեղահանվածների հետ և տեսել, թե որքան մեծ է հայրենիք վերադառնալու նրանց ցանկությունը»,- հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող հասարակական միավորման ներկայացուցիչները ևս իրենց դժգոհությունն են հայտնել միջնորդների գործունեության վերաբերյալ և ափսոսանք հայտնել, որ Մինսկի խմբի՝ տարիներ տևած աշխատանքը այդպես էլ արդյունք չի տվել։ Միավորման նախագահ Բայրամ Սաֆարովը հույս է հայտնել, որ համանախագահները կվերականգնեն արդարությունը և վերջապես ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց տները։ «Երբեմն ձեր հայտարարություններից կարելի է դատել, որ դուք մտածում եք հայերի պես»,- համանախագահներին ուղղված իր խոսքում ընդգծել է փախստականների միավորման մեկ այլ ներկայացուցիչ՝ ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը։ Ի պատասխան ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ասել է, որ իրենք տեղյակ են այն մասին, որ վերջին 20 տարիները բավական ծանր էին ադրբեջանցի փախստականների համար։ «Ինչպես ես ասել էի Երևանում, մինչև չլուծվի փախստականների խնդիրը, մինչև նրանք չվերադառնան իրենց հայրենի տարածքը, համակողմանի լուծում հնարավոր չի լինի»,- նաև ասել է ամերիկացի դիվանագետը։ Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն էլ իր հերթին վստահեցրել է, թե հասկանում են փախստականների հարցի կարևորությունը հակամարտության կարգավորման համատեքստում և հարցը քննարկում են յուրաքանչյուր հանդիպման ընթացքում։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ