Ադրբեջանում կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը հայտարարում է բոյկոտելու կամ քվեարկության արդյունքները չճանաչելու մտադրության մասին: Վերջին երկու օրերին այդ մասին հայտարարեցին երեք քաղաքական ուժեր`«Մուսավաթ» կուսակցությունը, NIDA և REAL շարժումները: «Մենք հույս ունեինք, որ օգտագործելով քարոզարշավի ընձեռած հնարավորությունները ի վիճակի կլինենք մարդկանց ներկայացնել մեր տեսակետները: Տպավորությունը, սակայն, այնպիսին է, որ ադրբեջանցի ընտրողներին Թուրքիայում` նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների մասին ավելի շատ տեղեկատվություն է տրամադրվում քան ադրբեջանական Միլի մեջլիսի ընտրությունների մասին»,- հայտարարում է «Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Հաջիլին: Ադրբեջանցի ընդդիմադիրը նշում է, որ ստեղծված կացության գլխավոր պատճառները քարոզարշավում հարուցվող արհեստական խոչընդոտներն են, թեկնածուների համար անվճար եթերաժամի բացակայությունը: Նոյեմբերի 1-ի ընտրություններում «Մուսավաթը» 75 թեկնածու էր առաջադրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր միայն 24-ին: Գրեթե նույն կացության մեջ է ընդդիմադիր NIDA շարժումը՝ առաջադրված 8 թեկնածուներից պաշտոնապես գրանցվեցին երկուսը: «Ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելով՝ մենք պատգամավորական մանդատներ ստանալու ցանկություն չունեինք: Մեր նպատակն էր օգտագործել 21 օր տևող քարոզարշավը` ընտրողների հետ ուղղակի կապն ամրապնդելու համար»,- նշված է NIDA շարժման հայտարարության մեջ. «Իշխանությունների պահվածքը, սակայն, վկայում է, որ ընտրություններն ավանդական են անցնելու: Իշխանությունները ցանկանում են կեղծիքների միջոցով հերթական սպասարկու խորհրդարանը ձևավորել, ուստի մենք հետ ենք կանչում մեր թեկնածուներին»։ 10 ընտրատարածքներում գրանցված թեկնածուներ ունեցող մեկ այլ ընդդիմադիր ուժ`«Հանրապետական այլընտրանքը»` REAL-ը, հայտարարեց, որ չի ճանաչի ընտրությունների արդյունքները: «Երկրում ընտրությունների ինստիտուտի ոչնչացման ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները»,- նշված է ընդդիմադիր շարժման հայտարարության մեջ: