Լայնածավալ պատերազմի վերսկսումը բացառված չէ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Հայաստանյան մեդիայում միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցում» ծրագրի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Կոնրադ Զաշտոֆտը: Նա նշեց, որ քանի դեռ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև չկան խաղաղապահներ, իրավիճակը կշարունակի մնալ վտանգավոր, իսկ երկու կողմերի միջև բանակցային գործընթացի փակուղին ավելի է խորացնում իրավիճակը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հետխորհրդային տարածքում, մասնավորապես ԼՂ-ում, վերսկսվեն «սառը» հակամարտությունները, Կոնրադ Զաշտոֆտը պատասխանեց. «Ղարաբաղյան կոնֆլիկտն ավելի շատ հիշեցնում է «թեժ», քան «սառը» հակամարտություն: Էսկալացիան մյուս հետխորհրդային երկրներում բացառվում է: Անցյալ տարի մենք ականատեսը դարձանք Դոնբասի հակամարտության ալիքի մեծացմանը, որը Ռուսաստանը արհեստականորեն ստեղծեց: Ի տարբերություն ԼՂ հակամարտության, այնտեղ չկար ոչ լեզվական, ոչ կրոնական, ոչ էլ մշակութային բաժանվածություն: Կոնֆլիկտը հրահրվել էր ռուսական քարոզչության, ԶԼՄ-ների կողմից, որոնք մշտապես վախեցնում էին տեղի ռուսախոս հատվածին հորինված միֆերով»: Կոնրադ Զաշտոֆտն ասաց, թե ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման եղանակ չկա: Ավելին, ըստ նրա՝ այս պայմաններում քիչ հավանական է որևէ առաջընթաց: «Այս պահին Ռուսաստանը համարվում է ամենաազդեցիկ արտաքին ուժը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Միաժամանակ, Մոսկվան շահագրգռված չէ հարցի կարգավորմամբ, որովհետև հակամարտությունը օգտակար գործիք է Կրեմլի ձեռքում՝ Բաքվի և Երևանի հետ քաղաքական խաղեր տանելու համար»,- շեշտեց նա: Նա նշեց, որ թեև իրավիճակը տարեցտարի դառնում է ավելի քան վտանգավոր, միջազգային հանրությունն ի վիճակի չէ առաջարկել նոր լուծումներ: «Մինչ Կրեմլը Արևմուտքի նկատմամբ շարունակում է «Սառը պատերազմի» մոտեցումը, ԼՂ հակամարտության գործընթացում դրական փոփոխություններ քիչ հավանական են: Չի լինի միջազգային կոնսենսուս»,- ընդգծեց նա: