ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Վիեննա՝ մասնակցելու Սիրիայի հարցով երկօրյա բանակցություններին։ Առաջին անգամ բանակցություններին հրավիրված է Իրանը։ ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վիեննա կժամանի շաբաթ օրը՝ երկու տեղակալների և միջուկային ծրագրի հարցով երկրի գլխավոր բանակցողի հետ։ Շաբաթ օրվա ընդլայնված բանակցություններին մասնակցելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իրաքի, Եգիպտոսի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի բարձրաստիճան ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը։ Իսկ այսօր մեկնարկող բանակցություններին Վիեննայում մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ Մեկնաբանները նշում են, որ Սիրիայի հարցով բանակցություններին սիրիական կողմից ընդդիմության ներկայացուցիչներ չկան։ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն ընդունի ճգնաժամը հաղթահարելու ցանկացած ծրագիր, որը անցումային շրջանի համար Բաշար ալ-Ասադին որևէ դերակատարություն կապահովի։ Սիրիական ընդդիմությունը դեմ է բանակցություններում Իրանի ներգրավմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել երկխոսությունը Սիրիայի հարցով։ «Նման մոտեցումը, այլ ոչ թե միակողմանի, ինչպես, ասենք, «Սիրիայի բարեկամների խումբն» էր, կարող է խաղաղություն և հանդարտություն բերել միասնական, աշխարհիկ, ժողովրդավարական նոր Սիրիայի համար»՝ ասել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խորհրդական Թոմ Շենոնն էլ ասել է, որ Քերիի նպատակն է քննարկել, թե Ռուսաստանը և Իրանը որքանով են պատրաստ համագործակցել միջազգային հանրության հետ և համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ քաղաքական անցումային շրջանում պետք է հեռանա։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երկու օր առաջ ասել է, թե Վիեննայի բանակցություններում Սիրիայի հարցի քաղաքական անհապաղ լուծումը հավանական է չի գտնվի, բայց նշել է, որ Վիեննայի հանդիպումը ամենահեռանկարային հնարավորությունն է։ Նրա խոսքով, այսօրվա խնդիրն է գծել դժոխքից դուրս գալու պլանը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Քարնեգի կենտրոնում, Ջոն Քերին ասել է, որ «Իսլամական պետության» խմբավորումներին ոչնչացնելու համար նախ անհրաժեշտ է ավարտել պատերազմը Սիրիայում»: