Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ։ Նրանք արձանագրել են, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու համար: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը մատնանշել են փոխլրացնող բնույթը և ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարևորությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու հետ: Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել և կարևորել է ՀՀ նախագահի այցը, ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին Վրաստանում մեծապես հարգում և ընդունում են ոչ միայն որպես Հայաստանի նախագահի, այլև որպես Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման մեծ ջատագովի: Դավիթ ՈՒսուպաշվիլին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը ևս մեկ առաջընթաց քայլ կդառնա երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ և հարաբերությունների ամրապնդմամբ: Սերժ Սարգսյանը և Դավիթ ՈՒսուպաշվիլին կարևորել են բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ, փոխգործակցության զարգացումը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մասնակցության համար:
Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների գործընթացին և տեղյակ են, որ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական խումբն ուսումնասիրել է նաև Վրաստանի փորձը:
Զրուցակիցները կարևորել են երկու պետությունների կողմից` միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը: Անդրադարձ է եղել տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում: