50 միջազգային ԶԼՄ-ներ նամակ են գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ խոր մտահոգություն հայտնելով կիրակի օրվա խորհրդարանական ընտրությունների նախօրեին լրագրողների աշխատանքի պայմանների վատացման վերաբերյալ՝ գրում է Agence France-Presse-ը, որը դիմումը ստորագրողներից է: Բացի նրանից՝ այն ստորագրել են ամերիկյան The New York Times-ը, The Washington Post-ը, Buzzfeed-ը, գերմանական Sueddeutsche Zeitung-ը, ARD TV-ն, իտալական La Stampa-ն, պակիստանյան Dawn թերթը, ավստրալական The Age-ը:
Նամակում պարբերականների խմբագիրները վերջին 2 ամսում տեղի ունեցած մի շարք պատահարներ են թվել, մասնավորապես՝ հարձակումը Hurriyet թերթի խմբագրության և առաջատար լրագրող Ահմետ Հաքանի վրա, Vice News-ի լրագրողների ձերբակալությունն ու կալանքի տակ պահելը:
«Մենք Ձեզ կոչ ենք անում Ձեր ազդեցությունն օգտագործել, որ լրագրողները՝ լինեն Թուրքիայի քաղաքացի, թե միջազգային մամուլի ներկայացուցիչներ, պաշտպանված լինեն և նրանց թույլատրված լինի առանց խոչընդոտի կատարել իրենց աշխատանքը»,- ասվում է նամակում: ԶԼՄ-ները դժգոհություն են հայտնել ընտրական գործընթացի ժամանակ լրագրողներին աջակցելու և պաշտպանելու Թուրքիայի կառավարության անընդունակությունից, ինչը «խաթարում է երկրի միջազգային իմիջը և վնասում է ժողովրդավարությանը»: