Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ևս մեկ անգամ կարողացավ հաղթանակ տանել։ Կիրակի օրվա խորհրդարանական ընտրություններում ազդեցիկ հաղթանակով նա այժմ իր կամքը կարող է ավելի վճռականորեն թելադրել, քան երբևէ՝ համոզվելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կշարունակի իշխել երկրում ևս չորս տարի, գրում է Յավուզ Բայդարը բրիտանական The Guardian-ում։ Նա այժմ ունի ընտրողների ձայների կեսը լեգիտիմության հարցում պնդելու համար և գուցե անգամ որպես «քարտ-բլանշ» իր իշխանությունն ինքնակալության վերածելու համար։ Ըստ «Անադոլու» գործակալության նախնական տվյալների՝ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 49 %-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։ Հեղինակը գրում է, որ այս արդյունքները քչերն էին կանխատեսում: Հարցումների մեծ մասը կանխատեսում էր 44 տոկոս քվե իշխող կուսակցության օգտին, որը թույլ չէր տա միայնակ կառավարություն ձևավորել։ Այնպես որ այս հաղթանակն «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) համար մեծ զարմանք էր։ Ինչպե՞ս բացատրել կուսակցության հաղթանակը։ AKP-ն իրեն ներկայացնում էր որպես հիմնական քաղաքական ուժ, որը կռվում է, շատերի կարծիքով, Թուրքիայի թիվ մեկ թշնամու՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ։ Էրդողանը հաջողությամբ Թուրքիան ճգնաժամի մեջ պատկերելու ռազմավարություն էր վարում։ Նա նաև հաջողությամբ վախեցնում էր լրատվամիջոցներին և նեղացնում էր շրջանակը, որտեղ ընդդիմությունը կարող էր արտահայտել իր դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, ինչպես գրում է հեղինակը, Թուրքիան այս արդյունքներով չի մոտենա կայունության, փոխարենը՝ երկրի համակարգային ճգնաժամը էլ ավելի կխորանա։ Այս ընտրություններին սեղանին դրված էր հարցը, թե Թուրքիան ընտրություններից դուրս կգա՞ որպես արևմտյան ոճին մոտ ժողովրդավարություն, թե՞ կենտրոնասիական ոճի ինքնակալություն, որի դեպքում չեն հարգվի ազատությունները և իրավունքները, իսկ դատարանը և լրատվամիջոցները կստորադասվեն իշխանությանը։
Եթե Էրդողանը և նրա կուսակցությունը որոշեն, որ ընտրությունների հաղթանակը կարող է որպես «քարտ- բլանշ» ծառայել սահմանադրությունը խախտելու, այլակարծությունը ճնշելու, լրագրությունը խեղդելու, վիճելի նախագահական համակարգին հետևելու, քրդերի պահանջները ճնշելու և սիրիական ճգնաժամի շուրջ զիգզագներ անելու համար, պետք է սպասել ինքնակալության անգամ ավելի արագ անցման, գրում է հեղինակը։