ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փորձագետներն օդանավի կործանման երկու վարկած են առաջ քաշում

Փորձագետներն օդանավի կործանման երկու վարկած են առաջ քաշում
02.11.2015 | 23:00

Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթը կատարող ռուսաստանյան «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 ինքնաթիռը օդում պայթել է։ Փորձագետների համոզմամբ, օդանավը պայթել է բարձրության վրա՝ ճնշման կտրուկ անկման պատճառով։ Նրանք նշում են, որ պայթյունի պատճառ կարող էին դառնալ ուղեբեռներից մեկում գտնվող փոքր չափերի ռումբը, շարժիչից պոկված դետալները կամ էլ օդանավի ճաքերը։ Այսինքն, դեպքից երկու օր անց վարկածները երկուսն են՝ օդանավը շատ հին էր, և աղետի պատճառն ինքնաթիռի անսարքությունն էր, և երկրորդ՝ ահաբեկչությունը, որը այս պահին ռուսաստանյան իշխանությունները հերքում են։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է օդանավի կործանման պատասխանատվությունը, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ այնպիսի զենք, որը կկարողանա նման բարձրության վրա խոցել օդանավը, ահաբեկիչները չունեն։ Սակայն ահաբեկչությունը բացառել պետք չէ, շեշտում են փորձագետները։ Կործանված օդանավի «Սև արկղերը» հայտնաբերվել են։ Փորձագետներն արդեն սկսել են հետազոտել։ A321 օդանավը կորել է ռադարներից թռիչք կատարելուց 22 րոպե անց։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են Սինայի թերակղզում։ Աղետի զոհ է դարձել 224 մարդ, այդ թվում՝ 25 երեխա։
A321 ինքնաթիռն արտաքին ազդեցության չի ենթարկվել, իսկ օդաչուն դիսպետչերին անսարքության մասին որևէ տեղեկություն չի հայտնել, գրում է Ռոյթերզը՝ հղում անելով ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման առաջին տվյալներին, որը փոխանցել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Մոսկվայում «Կոգալիմավիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ օդում կործանման միակ պատճառը կարող է լինել արտաքին ազդեցությունը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ