Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը ռուսական ուղևորատար А321 ինքնաթիռը կործանելու վերաբերյալ քարոզչություն է անվանել։ BBC-ին տված հարցազրույցում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ։
«Բոլոր հետաքրքրված կողմերը կարող են մասնակցել միջադեպի հետաքննությանը, սակայն քարոզչական հայտարարությունները, որ ինքնաթիռը խոցել են ԻՊ-ի զինյալները, ուղղված են միայն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, որ փչացնեն Եգիպտոսի իմիջը։ Վստահեցնում եմ, որ երկրի այդ մասում իրավիճակը վերահսկվում է»,- ասել է նախագահը։ «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին՝ Շարմ էլ Շեյխի օդանավակայանից թռիչքի դուրս գալուց րոպեներ անց, 224 ուղևորները զոհվել են։ Աղետից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել էր, թե ինքն է կազմակերպել ողբերգությունը, սակայն ոչ մի փաստ չկա։ «Կոգալիմավիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է օդում՝ արտաքին ուժի ազդեցությամբ։