«Ստրատֆորի» վերլուծաբանների դիտարկմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար՝ դառնալու էներգետիկ ծրագրերի տրանզիտ երկիր, բայց Ռուսաստանը կաշկանդում է Հայաստանին՝ թույլ չտալով, որ դա տեղի ունենա: Փաստելով, որ Թեհրանը ակտիվացրել է շփումները Երևանի հետ, Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների հանդիպումներում հատկապես ուշադրություն է դարձվում տնտեսական ու էներգետիկ ոլորտների համագործակցությանը, «Ստրատֆորը» շարունակում է. «Իրանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր և պոտենցիալ երկիր՝ իր էներգետիկ ռեսուրսները խողովակաշարերով արտահանելու մինչև վրացական Բաթում և Փոթի նավահանգիստները, այնուհետև Եվրոպա: Բանակցություններ են ընթացել Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցելու շուրջ, որի համար 3 միլիարդ 700 միլիոն դոլար է անհրաժեշտ: Սակայն Ռուսաստանը խստորեն դեմ է այս ծրագրին, և Թեհրանը այլընտրանքային տարբերակ է քննարկում՝ ընդամենը 400 միլիոն դոլար ծախսով կառուցել Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթգիծը»։ «Ադրբեջան-Իրան բանակցություններում քննարկվող «Հյուսիս-հարավ» միջանցքը, որը Իրանից կարող է հասնել մինչև Բալթիկ ծովի ռուսական նավահանգիստները, ավելի առաջնային նշանակություն ունի, քան ցանկացած տրանզիտային ծրագիր Հայաստանի տարածքով»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները, նշելով, որ տարածաշրջանի հզորները նորից շրջանցում են Հայաստանը իրենց արտահանումը եվրոպական շուկա հասցնելու համար՝ Հայաստանին թողնելով Ռուսաստանից կախվածության տակ: Երկաթգիծը Ռուսաստանի կողմից արգելափակված միակ ծրագիրը չէ, շարունակում են նրանք. օգոստոսի 9-ին Հայաստանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև բարձրավոլտ 3-րդ էլեկտրագիծը կառուցելու համար, սակայն ռուսական «Գազպրոմ» գիգանտ ընկերությունն արդեն իսկ ստացել է այդ գիծը շահագործելու, էլեկտրաէներգիա արտահանելու իրավունքը: Հայաստանի ներսում գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը իրականացնում են ռուսական «Գազպրոմ» և «Տաշիր գրուպ» ընկերությունները: 2014-ի հունվարին «Գազպրոմը» ձեռք բերեց բաժնետոմսերի լրացուցիչ 20 տոկոսը՝ գազամատակարարման մենաշնորհի համար, իսկ 2015-ի հունիսին դարձավ Իրանի սահմանից Հայաստան մտնող գազատարի սեփականատերը: Կրեմլը ձգտում է Հայաստանի վրա ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսապես, այլև փորձում է ճնշել քաղաքականապես՝ Ռուսաստանում բնակվող ազդեցիկ հայերի միջոցով, գրում են վերլուծաբանները՝ նշելով մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի անունը, ում հարստությունը գնահատվում է 4 միլիարդ 800 միլիոն դոլար: Նրա «Տաշիր գրուպ» ընկերությունը ձեռք բերեց Հայաստանի էլցանցերը: Նշվում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունը: Նա հայտարարել է 2017-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: «Ստրատֆորի» գնահատմամբ՝ լուրջ քաղաքական ուժ ձևավորելու, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը խարխլելու համար Աբրահամյանի շանսերը փոքր են: Այնուամենայնիվ, վերլուծաբանները, վկայակոչելով վերջին հաղորդագրությունները, նշում են, որ Արա Աբրահամյանը գործելու է Սամվել Կարապետյանի հետ համաձայնեցված: Իհարկե, Կրեմլը չի ցանկանում բացահայտ առճակատվել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, բայց կօգտագործի Կարապետյանին և Աբրահամյանին ներազդելու Երևանի քաղաքականության վրա, որը ժամանակ առ ժամանակ, ինչպես Իրանի դեպքում, դեմ է գնում Մոսկվայի հաշվարկներին, կարծում են վերլուծական կենտրոնում։
Ըստ «Ստրատֆորի»՝ երկարատև հեռանկարում Կարապետյանի և Աբրահամյանի նման ռուսամետ գործիչները կարևոր դեր կխաղան Հայաստանի քաղաքականությունում: Հայաստանի էներգետիկ ոլորտում ևս ռուսական ընկերությունների ազդեցությունը նույնչափ ռազմավարական նշանակություն կունենա՝ սահմանափակելով իրանական արտահանումների համար տրանզիտ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները և մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ամփոփում է վերլուծական կենտրոնը։