ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսական ինքնաթիռը օդում պայթել է

Ռուսական ինքնաթիռը օդում պայթել է
04.11.2015 | 14:15

Ամերիկացի փորձագետները հայտնել են NBC News հեռուստակայանին, որ այդ վարկածն ապացուցում է ամերիկյան արբանյակի գրանցած հուժկու պայթյունը։
«Սա նշանակում է, որ օդանավը վնասվել է կամ ռումբի, կամ վառելիքի պայթյունից և ավերվել է շատ մեծ բարձրության վրա։ Արբանյակային լուսանկարներում ոչինչ չի վկայում հնարավոր հրթիռակոծման մասին»,- ասել է փորձագետներից մեկը։ Երկիր-երկինք հրթիռը թռիչքի ընթացքում սովորաբար հետք է թողնում, որն արբանյակի լուսանկարում անպայման կերևար։ Շարմ էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ չվերթը կատարող օդանավը վայր գցելու պնդումը, որը համացանցում տարածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին առնչվող մի եգիպտական խմբավորում, իրականությանը չի համապատասխանում։ «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին կործանվել է Շարմ էլ-Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց։ Սինայի թերակղզու աղետն ամենածանրն է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության ընթացքում։ Զոհվել է 224 մարդ։ «Կոգալիմավիա»-ի ներկայացուցիչները բացառում են տեխնիկական անսարքությունը կամ օդաչուների սխալը և պնդում են, որ աղետի կարող էր հանգեցնել միայն ինչ-որ կողմնակի ազդեցություն։ «Դա տեխնիկական կամ ֆիզիկական գործողություն էր»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սմիռնովը՝ հավաստիացնելով, որ Airbus-ը շատ լավ վիճակում էր։ «Սև արկղերի» տվյալների վերլուծության նախնական արդյունքները վկայում են, որ օդանավը դրսից հարված չի ստացել, իսկ օդաչուները որևէ արտակարգ հաղորդագրություն դիսպետչերներին չեն փոխանցել, վթարի ազդանշան չեն տվել։ «Սև արկղերի» տվյալների վերծանումը կատարում են եգիպտացիները, ռուսաստանցիները, ֆրանսիացիները, քանի որ ինքնաթիռն այդ երկիրն է արտադրել, և իռլանդացիները, քանի որ օդանավն Իռլանդիայում է գրանցված։ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե չարժե տեսական գուշակություններ անել օդանավի աղետի վարկածների վերաբերյալ և աղետը կապել Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների հետ։
«Դրանք բացառապես տարբեր խնդիրներ են, պետք չէ կապ որոնել»,- ասել է Պեսկովը և ընդգծել, որ այս պահին չկան ահաբեկչությունը վկայող նշաններ։ Ամերիկյան մամուլը հարցրել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերին, թե «Իսլամական պետությունը» կարո՞ղ էր վայր գցել ռուսական օդանավը։ «Դա հավանական չէ, բայց բացառել նույնպես չեմ կարող»,- ասել է Քլափերը։

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ