Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ նոր առաջարկներ ունի՝ Երևանում ընթացող Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն մանդատ է ստացել ՀՀ-ԵՄ իրավական նոր փաստաթղթի մշակման համար: Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ ՀՀ բոլոր գերատեսչությունները կներկայացնեն իրենց առանձին առաջարկները՝ տրանսպորտի և կապի, ինովացիոն, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության և այլ ոլորտներին վերաբերող: «Մենք կօգտագործենք եվրոպական կողմից հնարավորությունները՝ մեր բիզնեսի զարգացման առումով: Իսկ «Հորիզոն 2020»-ը կդառնա լրջագույն ռեսուրս՝ գիտության ոլորտի զարգացման համար»,- նշեց նախարարը: Եվրոպական արտաքին գործունեության ծառայության, Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն, կոմիտեի եվրոպական կողմի համանախագահ Գունար Վիգանդն էլ նշեց, որ տնտեսական առումով սա տարածաշրջանի համար մարտահրավեր ներկայացնող շրջան է: Գունար Վիգանդը շեշտեց, որ Եվրամիությունը Հայաստանի ամենալավ գործընկերներից մեկն է Հայաստանում և առևտրի, և ներդրումների ոլորտում: «Մենք ունենք աջակցության մեծ պորտֆել, ցանկանում ենք առաջ տանել Հայաստանում կատարվող բարեփոխումները: Նախկինում ես շատ եմ այցելել Հայաստան, որովհետև բանակցում էինք Ասոցացման համաձայնագրի շուրջ: Եվրամիությունը հարգում է Հայաստանի ընտրությունը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին»,- նշեց Գունար Վիգանդը: