Ամեն տարի ՌԴ-ն 1,4 միլիարդ դոլար է ծախսում քարոզչության համակարգի աշխատանքն ապահովելու համար՝ երկրի ներսում ու ողջ աշխարհում՝ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բենջամին Զիֆը։ «Մենք բոլորս լսել ենք Կրեմլի հայտնի երգերը, թե ՈՒկրաինայում ռուս զինվորներ չկան, որ ՈՒկրաինան փլուզման եզրին է»,- նշել է նա։ Չնայած այդ պնդումները հնարավոր է հեշտությամբ հերքել, «շուրջօրյա կրկնությունը նպատակ ունի կասկած սերմանել, անհստակություն, հարցեր առաջացնել ակնհայտ և պարզ ճշմարտությունների մասին»՝ ընդգծել է Զիֆը: «Կրեմլն այդ ջանքերի համար տարեկան 1,4 միլիարդ դոլար է հատկացնում՝ երկրի ներսում ու սահմաններից դուրս քարոզչամեքենայի համապարփակ աշխատանքի համար: Պնդումների համաձայն՝ քարոզչությունը ներառում է 600 միլիոն մարդ 130 երկրում՝ 30 լեզուներով»,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ՌԴ կառավարությունն օգտագործում է հարևան երկրներում իր ստեղծած վերլուծական հաստատությունները և ոչ կառավարական կազմակերպությունները «Կրեմլի սուտ վարկածներն առաջ տանելու սեփական նպատակներին հասնելու համար»՝ Արևմուտքը որպես վտանգ պատկերելով, վստահությունը թուլացնելով անկախ ԶԼՄ-ների, արևմտյան ինստիտուտների և արժեքների նկատմամբ։