Թուրքիան ցանկանում է մոռանալ Օսմանյան կայսրության բազմազգ լինելը՝ գրում է իտալական La Stampa-ն: «Հայոց ցեղասպանությունը սկսվել է դեռևս XVIII դարավերջին, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց մտահոգվել, որ հարուստ պատմությամբ քրիստոնյա ժողովուրդը կարող է «անկայունության» գործիք դառնալ ռուսական ցարիզմի և նոր եվրոպական պետությունների հավակնությունների խաչմերուկում հայտնված կայսրության դեմ»,- գրում է լրագրող, պատմաբան Միմո Կանդիտոն: «Օսմանյան կայսրության ավերակների վրա ստեղծված ժամանակակից Թուրքիան հիմնված է երկու սյան վրա. ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի գոյության ժխտում, և կրոնական ու աշխարհիկ իշխանության միավորումից հրաժարում: Անկարան, որին մեղադրում են հայերի կոտորածները հերքելու մեջ, ցանկանում է մոռանալ այն հիասքանչ խճանկարը, որը գոյություն ուներ Օսմանյան կայսրությունում: Հայերն ավելի քան 2 մլն էին, բայց մնացին ընդամենը 70 հազար, հրեաները՝ 20 հազար, հույները՝ 3 հազար, իսկ կաթոլիկները շուրջ 35 հազար են»,- գրել է Կանդիտոն: