Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները մեծ ընտրություն ունեին, բայց անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, հատկապես՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում, խոչընդոտեց կուսակցությունների ազատ և արդար մրցակցությանը՝ ասված է միջազգային դիտորդների հայտարարությունում: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար և հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորի խոսքով, ընտրությունների ընթացքի վրա ազդել են արտահայտվելու ազատության սահմանափակումները, ինչը լրջորեն անհանգստացնում է դիտորդներին: «Ցավոք, ընտրարշավն անցավ անվստահության և վախի մթնոլորտում»,- նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Անդրեաս Գրոսը: Դիտորդները ընդգծել են, որ թերությունների ու երկակի իրավիճակների վերացման շուրջ 2011-ին տրված նախորդ երաշխավորությունները հաշվի չեն առնվել: