Բելգիայի թուրքական համայնքը ավելի շատ է պաշտպանում Էրդողանին, քան հենց Թուրքիայում՝ գրում է ֆրանսիական Figaro-ն: Էրդողանի համար նրանք իր երկրի շահերն առաջ մղելու միջոց են: «Էրդողանի օգտին հարյուրավոր թռուցիկներ և սթիքերներ են հայտնվել Բրյուսելի Սհարբեք և Սեն Ժոս շրջաններում, որտեղ խմբավորված է թուրքական համայնքը: Նրանց մեծ մասը երկրորդ և երրորդ սերնդի ներգաղթյալներ են, և կարելի էր սպասել, որ մեծամասնությունը հեռավորություն պիտի պահեր թուրք առաջնորդի իսլամիստական ավտորիտար ուղղությունից, սակայն վերջին ընտրություններում Բելգիայի թուրքական համայնքի 63 տոկոսը քվեարկել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին, մինչդեռ այդ քաղաքական ուժը Թուրքիայում ստացել է 49 տոկոս: Բելգիայում թուրքական համայնքի ներկայացուցիչների ամուսնությունները տեղի են ունենում համայնքի ներսում, երիտասարդ թուրքերից յուրաքանչյուր 3-ը չունի ոչ թուրք ընկեր, իսկ ներգաղթյալների մեծ մասն իրեն նախ ասոցացնում է Թուրքիայի, հետո միայն Բելգիայի հետ: Նրանց մեծամասնությունը բացառում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Խորհրդարանի անդամ Մահինուր Էզդեմիրն առաջին կինն է, որ խորհրդարանում նստել է գլխաշորով և հեռացվել է «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից դրա համար: Եվս մեկ թուրք հայտնի գործիչ Էմիր Քըրը ստիպված է եղել լքել սոցիալիստական կուսակցությունը: Տարբեր մակարդակների բազմաթիվ թուրք պատգամավորներից ոչ մեկը երբևէ չի քննադատել Էրդողանի ռեժիմը: Հետևաբար արժե հարցնել, թե այդ քաղաքական գործիչները չե՞ն ներկայացնում սկզբում Թուրքիան, հետո Բելգիան: Էրդողանի համար նրանք իր երկրի շահերն առաջ մղելու ռազմավարության մի մասն են:
Միգրանտների հոսքի խնդրին բախված Եվրոպայի հետ հարաբերություններում Թուրքիայի նախագահը շահավետ դիրքում է: Միգրանտներին Թուրքիայի տարածքում տեղավորելու տարբերակը կարող է թանկ նստել: Պետք կլինի հսկայական աջակցություն ցուցաբերել Թուրքիային և Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի ազատ մուտքի թույլտվություն տալու համար: Այդուհանդերձ, դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ գնալով ավելի իռացիոնալ է դառնում իր գործողություններում, իրավունք չի տալիս առաջարկել վերսկսել բանակցությունները՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով: Եվրոպացիների ճնշող մեծամասնությունը ոչ մի գնով դա չի ցանկանում անգամ անորոշ հեռանկարում»: