Հունական ընդդիմությունը պահանջում է կրթության նախարար Նիկոս Ֆիլիսի հրաժարականը: Պատճառը Ֆիլիսի` երկու օր առաջ հունական Star հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունն է, որով նա կասկածի տակ առավ Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության փաստը: «Ես իհարկե ընդունում եմ, որ Պոնտոսի հույները բազմաթիվ տառապանքներ ու զրկանքներ են կրել, այն արյունահեղությունը, որ տեղի ունեցավ (20-րդ դարի սկզբին), ինձ էլ է շատ վշտացնում: Դրա հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ այն, ինչ թուրքերն արել են Պոնտոսի հույների հետ, ոչ թե ցեղասպանություն էր, այլ էթնիկ զտում: Եթե հարցը դիտարկենք զուտ գիտական տեսանկյունից, տեղի ունեցածը դժվար է ցեղասպանություն անվանել: Ընդհանրապես, հարկավոր է հստակ սահմանազատում դնել ցեղասպանություն երևույթի և էթնիկ զտումների միջև», - հայտարարեց Հունաստանի կրթության նախարարը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և հաջորդած շրջանում թուրքական իշխանությունների ձեռքով 370 հազար պոնտոսցի հույն է զոհվել: 1994-ին Հունաստանը դարասկզբի իրադարձությունները պաշտոնապես ճանաչեց ցեղասպանություն` Մայիսի 19-ը հռչակելով հիշատակի օր: Հունաստանից բացի, Պոնտոսի հույների ցեղասպանությունը խորհրդարարանների մակարդակով ճանաչել են Կիպրոսը, Հայաստանը, Ավստրիան, Շվեդիան և Նիդերլանդները:
Պատահական չէ, որ Հունաստանի կրթության նախարարի հայտարարությունը վրդովմունքի լուրջ ալիք բարձրացրեց երկրում: Ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մակիս Վորիդիսը հայտարարեց. «Վարչապետ Ցիպրասը պարտավոր է պաշտոնանկ անել կրթության նախարարին, Ֆիլիսի հայտարարություններն արդեն իսկ սկսել են օգտագործվել ի շահ թուրքական կողմի: Դա ուղղակի հարված է Հունաստանի արտաքին քաղաքական կուրսին»: Կառավարության խոսնակ Օլգա Գերովասիլին հակադարձեց, թե «Ձախ ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարությունում կարծիքների բազմազանությունն ընդունելի է»: Բացի այդ՝ կրթության նախարարը արտահայտել է ոչ թե կառավարության, այլ անձնական տեսակետը: Կառավարության խոսնակի հայտարարություններն ընդդիմության ներկայացուցիչներին չհամոզեցին: Հույն ազգայնականներին միավորող «Ոսկե արևածագ» կուսակցությունը խոստացել է պաշտոնապես դիմել իրավապահներին` կրթության նախարարին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ազգայնական կուսակցությունն ունի նման քայլի իրավական հիմքեր՝ 2014-ի սեպտեմբերին Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց ցեղասպանությունների ժխտումը` 5-20 հազար եվրոյի տուգանք սահմանելով: Գործող պաշտոնյաների դեպքում տուգանքը կարող է հասնել 25 հազար եվրոյի: