Հայաստանի դիվանագետները հակազդում են տեղեկատվական դաշտում Բաքվի գեբելսյան մարտավարությանը՝ նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա նշել է, որ բոլոր արտասահմանյան դեսպանները պարբերաբար հարցազրույցներ են տալիս իրենց նշանակման երկրում։ «Եթե այցելել եք մեր կայք, կտեսնեք, որ և քարոզչական, և հակաքարոզչական աշխատանքը բավականին ակտիվ է»,- ասել է Քոչարյանը։ Այնուամենայնիվ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, հավելել է Քոչարյանը։ «Մի քանի տարի առաջ մեր արտասահմանյան հարևանների քարոզչությանը նայելիս մտածում էինք. դե, խաբում են, թող խաբեն։ Բայց մեր հարևանը գործում է գեբելսյան սկզբունքով. հազար անգամ կրկնվող սուտը ճշմարտություն է դառնում»,- նշել է Քոչարյանը։ Դա թելադրում է, որ պետք է ավելի ակտիվորեն շփվել արտասահմանյան լրատվամիջոցների հետ, հավելել է նա։