Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 5-6-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է: Երեկ կայացել է Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Բարիդրացիական, ռազմավարական հարաբերությունները, համագործակցությունը խորացնելու հավաստիացումներից, համատեղ ծրագրերից բացի, նրանց քննարկումների առանցքում են եղել տարածքային ամբողջականության խնդիրները: Համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է, որ չնայած տարածքային ամբողջականության հետ առաջացած խնդիրներին՝ Վրաստանը հավատարիմ կմնա իր տրանզիտային պարտավորություններին: «Վրաստանը եղել և մնում է դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև, և մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունն այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ ասելով, որ քննարկվել է նաև տարածաշրջանի կայունությունը:
«Մենք հաստատել ենք մեր հավատարմությունը սահմանների անձեռնմխելիությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,- նշել է Վրաստանի նախագահը:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե բոլոր հարցերում, հատկապես տարածքային ամբողջականության հարցում, միմյանց աջակցում են: «Միջազգային կազմակերպություններում միասնական դիրքորոշմամբ ելույթներով արդյունավետ հենք է ստեղծվել։ Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքների հակամարտությունները, պետք է լուծվեն ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելության սկզբունքներով: Ադրբեջանի հինավուրց ու պատմական տարածքը՝ Լեռնային Ղարաբաղն արդեն տարիներով օկուպացված է: Ցավոք, այդ հակամարտությունը չի հաջողվում լուծել, չնայած միջազգային բոլոր կազմակերպությունները ներգրավված են այդ հարցում»,- ասել է Ալիևը: Թբիլիսիում, նախագահների համատեղ ասուլիսում, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը գազի այնքան շատ պաշարներ ունի, որ 100 տարի անց էլ կարող է գազ մատակարարել հարևաններին ու Եվրոպային: «Գրուզիա օնլայն»-ը նշում է, որ սա պատասխան է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հայտարարությանը, թե Ադրբեջանը հնարավորություն չունի Վրաստանին կոմերցիոն գազ մատակարարել, այդպիսով արդարացնելով ռուսական «Գազպրոմ»-ի հետ սկսված բանակցությունները:
Ալիևի հայտարարությունից անմիջապես հետո Կալաձեն ասել է, թե Ադրբեջանի նախագահը նկատի չի ունեցել կոմերցիոն գազամատակարարումը: Նա նշել է, որ նախագահների հանդիպմանը «Գազպրոմ»-ի մասին խոսք չի եղել:
«Խոսվել է SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Քննարկել ենք երկրորդ գիծ կառուցելու հարցը: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ Վրաստանը Եվրոպայի հուսալի գործընկերն է: Մենք կմասնակցենք բոլոր կարևոր նախագծերին և մեր կողմից կանենք առավելագույնը՝ հաջողությամբ ավարտելու սկսված ծրագրերը»,- ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը: Թբիլիսիում նախատեսված են նաև Իլհամ Ալիևի հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և խորհրդարանի նախագահի հետ: Այսօր Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները կայցելեն նաև Վրաստանի Մառնեուլիի շրջան, որտեղ շատ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում: