Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից, կարևորել 2015-ի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել առաջիկայում հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերին խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Հայաստանի նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։ Նալբանդյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հարցերին։