Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումներ միշտ են լինում՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումների պարբերականությունը բնական է՝ ՀՀ-ն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ:
«Արտգործնախարարների հանդիպումներ ենք ունեցել Մոսկվայում, Երևանում, և սա ևս մեկ լավ առիթ էր՝ քննարկելու համաձայնությունների կատարման ընթացքը: Մեր պետությունների ղեկավարները ևս ինտենսիվ հանդիպումներ են իրականացնում: Հանդիպումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ շրջանակներում, մեր նախագահը սեպտեմբերին, մայիսին այցելել էր Մոսկվա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը և ցավակցեց նաև Սինայի ավիավթարի կապակցությամբ: ՌԴ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ցավակցության, «սքանչելի» Երևանում իրեն հյուրընկալելու համար, նշեց, թե քննարկվել են միջազգային, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցը՝ ուղղված բացառապես խաղաղ կարգավորմանը: «Մենք դիտարկեցինք երկու նախագահների համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք կնքվել էին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցելության ընթացքում: Այն, ինչի մասին պայմանավորվել էին նախագահները, իրականացվում է։ Գուցե ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, լինում են օբյեկտիվ պատճառներ, բայց ամեն դեպքում համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ ներդրումների, վառելիքաէներգետիկ ոլորտում: Իջեցվել է Հայաստան մատակարարվող գազի գինը»,- նշեց Լավրովը: