Սիրիայի շուրջ բանակցությունները, որոնք սկսվեցին հոկտեմբերի 30-ին, կարևոր, միևնույն ժամանակ բարդ գործընթաց են՝ Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշեց, որ այս ձևաչափով առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ հավաքվեցին գրեթե բոլոր ներքին խաղացողները, որոնք ազդում են այս կամ այն խմբավորման վրա:
«Բոլորը հասկանում են, որ նրանք վճռորոշ դեր ունեն, որ արյունահեղությունը վերջանա և ստիպեն սիրիացիներին, բոլոր սիրիացիներին, այդ թվում՝ ընդդիմությանը, նստել ու համաձայնություն ձեռք բերել ոչ միայն իրենց ճակատագրերի, այլև իրենց պետության ճակատագրի վերաբերյալ: Միանշանակ, մենք խոսել ենք հիմնական հիմքերի մասին, որոնց հիման վրա պետք է առաջ շարժվել: Մենք համաձայնության ենք եկել, որ ուզում ենք Սիրիան տեսնել միասնական, սուվերեն, իր տարածքային ամբողջականությամբ պետություն, որը օրենսդրորեն ունի հավասար իրավունքների ամրագրման մասին դրույթ՝ վերաբերող բոլորին»,- ասաց Լավրովը: Նախարարն ասաց, որ նախատեսում են հերթական հանդիպումը՝ ընդլայնված ձևաչափով, որը կլինի գլխավոր, եթե ոչ միակ ձևաչափը՝ սիրիական բանակցությունների համար: «Շատերը փորձում են իրավիճակը ներկայացնել իբրև շիաների և սուննիների կոնֆլիկտ, ինչը կոպտագույն պրովոկացիա է: Ցավոք, այս պրովոկացիային ենթարկվում են շատ լիդերներ: Մենք առաջարկեցինք, որ Իսլամական միության նախագահը մասնակցի բանակցություններին, որ նման հայտարարություններ չարվեն: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ահաբեկիչները չդառնան Սիրիական իշխանության գլուխ: Համաձայնեցրել ենք՝ առաջինը՝ ում համարել ահաբեկիչ, երկրորդ ցուցակը, որը մեզ ևս պետք է քաղաքական ընդդիմության մասին է, որը ամրագրվել է Ժնևում, այն է՝ համաձայնության գալ իշխանության հետ: ՈՒստի հաջորդ հանդիպումից առաջ կա պրագմատիկ որոշում՝ համաձայնության գալ երկու ցուցակներից մեկի համար: Աբստրակտ կոչեր կան, մեր գործընկերներից շատերը փորձում են շրջանցել աշխատանքը, մտածում են, որ պետք է Ասադը հրաժարական տա, և Սիրիայի բոլոր հարցերը կլուծվեն, սա հեշտացված տարբերակ է»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը: