Եթե ցանկանում եք հարձակվել, խնդրեմ, հարձակվեք, բայց մի մոռացեք՝ ամեն հարձակման պատասխան է լինելու՝ Թուրքիայի նախագահին և վարչապետին զգուշացրել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը։ Քրդական Ajansa kurdi գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներից ռադիոկապով դիմել է քուրդ զինյալներին՝ ներկայացնելով թուրքական իշխանությունների քաղաքականությունն ու ընտրությունների հետ կապված շահարկումները։ Քարայըլանը նշել է, թե PKK-ի գործողությունները չեն ազդել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ձայների անկմանը՝ շեշտելով, թե իշխանությունները նոյեմբերի 1-ի ընտրություններին գնացել են «խորքային պետության» կոնցեպտով՝ սադրանքներ, սպանություններ և ընտրակեղծիքներ։ Մուրադ Քարայըլանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքներին, թե PKK-ի դեմ հարձակումներ են լինելու։ «Եթե ցանկանում եք հարձակվել, խնդրեմ, հարձակվեք, բայց մի մոռացեք՝ ամեն հարձակման պատասխան է լինելու»,-ասել է Մուրադ Քարայըլանը։