ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպական հանձնաժողովը քննադատում է Թուրքիային

Եվրոպական հանձնաժողովը քննադատում է Թուրքիային
11.11.2015 | 14:12

Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում Եվրոպական հանձնաժողովը գնահատել է. հայկական պատրիարքարանի նպատակը՝ համալսարանում բացել հայերենի և հայկական եկեղեցական հաստատությունների համար սպասավորներ պատրաստող բաժին, տարիներով մնում է չիրագործված: Զեկույցում նշված է՝ 2015-ի ապրիլին, 1915-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ, վարչապետը կրկին ցավակցություն էր հայտնել զոհերի ժառանգներին: Այս դիտարկումը զեկույցի հեղինակները շարունակել են փաստարկով. «Թուրք պաշտոնյաները պարբերաբար խստորեն են արձագանքել, երբ այդ իրադարձությունները ճանաչվել են ցեղասպանություն»: Եվրոպական հանձնաժողովը պետական պաշտոնյաների վերաբերմունքով է պայմանավորում Թուրքիայում 2007-ին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի դանդաղ ընթացքը: Զեկույցում նշված է, որ Հայաստանի հետ 2009-ին ստորագրած արձանագրությունները Թուրքիան դեռ չի վավերացրել:
Եվրոպական հանձնաժողովն ամփոփել է Թուրքիայում քրիստոնյաների և հրեաների նկատմամբ քրեորեն հետապնդելի և ատելություն սերմանող գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Զեկույցում անդրադարձ կա եկեղեցիները մզկիթի վերածելու հնարավորության շուրջ ծայր առած բանավեճին, հունական եկեղեցին բացելու անտեսված կոչերին:
Եվրոպական հանձնաժողովը անդրադարձել է խոսքի ազատությանը, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններին: Ոստիկանությունում շարունակվող նախաքննության շրջանակներում լրագրողների կալանքի առնչությամբ զեկույցում հղում կա նաև ԵԱՀԿ-ի տվյալներին, ըստ որոնց՝ Թուրքիայում բանտարկված լրագրողների թիվը հասել է 20-ի: Ըստ զեկույցի, բանտարկությունների, մեղադրանքների, խոսքի ազատության սահմանափակման դեպքերն ահագնացնում են իշխանությունների ճնշումները լրատվամիջոցների վրա: Եվրոպական հանձնաժողովը նկատել է, որ այդ ճնշումները կիրառվում են ոչ միայն լրագրողների, այլև՝ գրողների և սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ: «Սա ունի շատ բացասական ազդեցություն խոսքի ազատության վրա և նպաստում է լրատվամիջոցների և այլոց ինքնագրաքննության մթնոլորտի ստեղծմանը»,- ասված է զեկույցում, որի հեղինակները գնահատել են նաև Թուրքիայի դատական համակարգի անկախության աստիճանը՝ եզրակացնելով. «Դատավորներն ու դատախազները քաղաքական խիստ ճնշման տակ են»:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ