ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Հարգանք դրսևորելով Հայաստանի պատմության նկատմամբ, մենք արժևորում ենք մեր ընթացիկ կապերը»

«Հարգանք դրսևորելով Հայաստանի պատմության նկատմամբ, մենք արժևորում ենք մեր ընթացիկ կապերը»
12.11.2015 | 20:26

Հայկական բնաշխարհի գեղարվեստական պատկերումներից մինչև հինավուրց ամրոցներ, ժառանգություն համարվող հուշարձաններ ու գանձեր՝ հայ ժողովրդի համար մեծ խորհուրդ ու իմաստ ունեն: Նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզն այցելեց Գյումրի և Դաշտադեմ, որտեղ իրականացվել են ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու ծրագրեր՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր պատմությունը, մեր մարդկային պատմությունը: Հասկանալով ու հարգանք դրսևորելով Հայաստանի պատմության նկատմամբ, մենք արժևորում ենք մեր ընթացիկ կապերը ու կերտում ենք մեր ընդհանուր ապագան»,- ասաց դեսպան Միլզը: Այս տարի ավարտվում են ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամից ֆինանսավորվող երեք ծրագրերը՝ Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման, Դաշտադեմի ամրոցաշինական համալիրի տարածքում պեղումների ու վերականգնման և Արենու քարանձավում հնագիտական գտածոների պահպանության աշխատանքները: Երեք ծրագրերի համար ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հատկացրել է 200000 ԱՄՆ դոլար: «Ավելի քան մեկ տարի վերականգնման մանրակրկիտ ու բծախնդիր աշխատանքներ են իրականացվել երեք ծրագրերի շրջանակում և այժմ արդեն հայ ժողովուրդը կարող է տեսնել կատարված ներդրումների արդյունքը»,- ասաց դեսպան Միլզը Ռ. Աթոյանի որմնանկարի վերականգնման ու Դաշտադեմի համալիրում աշխատանքների ավարտը նշանավորող միջոցառումներում: Արենու քարանձավի ծրագրի աշխատանքները կավարտվեն ավելի ուշ: Այս ծրագրերի ավարտը համընկնում է դեսպանության՝ գյուղի զարգացման հարցերին նվիրված միամսյակի հետ: Դեսպան Միլզը նկատեց, որ նման հուշարձանների պահպանության շնորհիվ զբոսաշրջիկները չեն սահմանափակվի սոսկ երևանյան այցերով, և դա կօգնի ձևավորել տնտեսական բազմազանություն մարզերի համար: «Հայաստանի համայնքներում մշակութային և պատմական ժառանգության շատ նմուշներ կան: Համագործակցելով Հայաստանի մեր գործընկերների հետ այդ վայրերն ու այս որմնանկարը պահպանելու համար՝ մենք աջակցում ենք մարզերում տուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը»,- շեշտեց դեսպան Միլսը:


«ՋԱՂԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» խորագրով որմնանկարը քայքայման եզրին էր, ամայի շենքը, որտեղ որմնանկարն էր, կամաց-կամաց քանդվում էր: Այժմ՝ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ, որմնանկարը փոխադրվել է Գյումրու երիտասարդական պալատ: Որմնանկարի վերականգնումն ու տեղափոխումը իրականացրել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ և Ֆլորենցիայի ռեստավրացիայի ինստիտուտի հռչակված մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: Բացման արարողությանը դեսպան Միլզը հայտարարեց, որ այս տարի ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մրցութային հիմունքներով ընտրվել է և կֆինանսավորվի ևս մեկ որմնանկարի վերականգնման ծրագիր: Կվերականգնվի Հակոբ Հակոբյան, «Սարերում/կթվորներ» որմնանկարը, որը ավարտից հետո տեղ կգտնի Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: «Ես անհամբեր սպասում եմ այդ որմնանկարի վերականգնման աշխատանքների ավարտին, որ վերադառնամ Գյումրի,- ասաց դեսպան Միլզը,- Գյումրին շատ ինքնատիպ կոլորիտ ունի, և ես կարծում եմ, որ այս երկու նկարիչները իրապես պատկերում են այն, ինչ Հայաստանի այս անկյունը յուրահատուկ է դարձնում»:


ԴԱՇՏԱԴԵՄ
ԱՄՆ դեսպան Միլզը Գյումրիից մեկնեց Դաշտադեմի ամրոց, որ լինելով Կովկասում պահպանված ամենամեծ ամրոցներից մեկը՝ մեծ պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող վայր է: Այստեղ են Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար), Խանի պալատը (12-րդ դար) և քրիստոնեական տապանաքարեր (9-րդ դար): Համագործակցելով ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ի հետ՝ ԱՄՆ դեսպանատունը իրականություն դարձրեց Դաշտադեմի պահպանման նախագիծը՝ տարածքը մաքրվեց աղբից և ժամանակակից շինությունների մնացորդներից, պեղումներ կատարվեցին միջնաբերդի և պարսպի շրջանում: 35 մետր երկարությամբ միջնադարյան պարսպապատի ուրվագծեր և հիմքեր բացահայտվեցին և երկու կիսաբոլոր աշտարակներ: Պեղումների արդյունքում բացահայտվեցին միջնադարյան տներ և առևտրի մեջ օգտագործվող առարկաներ, վառարաններ: «Հայաստանը երկարամյա և հարուստ պատմություն ունի, որ բազմաշերտ է, տարբեր մշակութային դարաշրջաններ են եկել, միախառնվել ու անցել,- ասաց դեսպան Միլզը: - Պահպանելով այս ամրոցը՝ մենք կօգնենք ապագա սերունդներին հասկանալ՝ որտեղից է սերում ժամանակակից հայ ժողովուրդը»: Ընդունելով, որ մեր մշակութային ժառանգության փառաբանումը երկրներ և ժողովուրդներ միավորելու միջոց է, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 2000-ին ստեղծել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը: Հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ամեն տարի աշխարհով մեկ ծրագրեր է ֆինանսավորում եզակի մշակութային արժեքները պահպանելու համար:
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005-ից Հայաստանի մշակութային վայրերի պահպանման համար միջոցներ է տրամադրում՝ ֆինանսավորելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն ու արժեքների ցուցակագրումը, Գառնիի միջնադարյան քարակառույց կամրջի պահպանումը և ավանդական հայկական երաժշտության և պարերի հավաքագրումը:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ