ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինքն իր աշխարհի հետ, միաժամանակ՝ հավաքականության մաս

Ինքն իր աշխարհի հետ, միաժամանակ՝ հավաքականության մաս
13.11.2015 | 11:25

Մուսալեռցի ԼԵՎՈՆ ԹԱՇՉՅԱՆԻՆ անձամբ ծանոթ չէի, թեև լսել էի, որ հերոսական մուսալեռցիների ժառանգներից մեկը տարիներ առաջ այցելել է հերոսամարտի վայրեր և այնտեղից տեղափոխել նահատակների շիրիմներից հավաքած մասունքները, ապա բաժանելով երեք մասի՝ կազմակերպել է դրանք հողին ի պահ տալու կարևոր հանձնառություն բոլոր այն վայրերում, որտեղ ներկայումս գործում են մուսալեռցիների հայրենակցական կազմակերպություններ և կառուցվել են հերոսամարտը հավերժացնող հուշակոթողներ: Այդ կենտրոնները գտնվում են Լիբանանում՝ Այնճարում, Կանադայում՝ Քեմբրիջում, Հայաստանում՝ Երևան-Էջմիածին մայրուղու աջակողմյան բարձունքներից մեկի վրա՝ Մուսալեռ գյուղի հարևանությամբ: Լևոնն այդ երեք հասցեներով է ուղարկում սրբազան մասունքները, և 2005 թ. Մայր հայրենիքում տեղի է ունենում հերոսների մասունքների հանդիսավոր վերահուղարկավորություն՝ 1976 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակությամբ կառուցված Մուսա լեռան հերոսամարտի վեհաշուք հուշարձանի արտաքին պատի տակ, անկյունում։

Այս սահմանափակ և ժլատ տեղեկացվածությունս Լևոնի և իմացությունս վերոհիշյալ նախաձեռնության մասին ավելի էին մեծացնում հետաքրքրասիրությունս, և ես համոզված էի, որ մի օր հանդիպելու և ծանոթանալու եմ նրա հետ նրա միջոցով անձամբ գտնելու մի շարք հարցերի պատասխաններ, որոնց ենթատեքստում նաև վստահությունս էր առ այն, որ նման համարձակ քայլի դիմած անձնավորությունը պետք է որ այլ նախաձեռնություններ ևս իրականացրած լինի կամ գոնե նախապատրաստի նորերը։ Եվ կարծես թե չսխալվեցի: Լևոնի հետ ծանոթության առիթը երկար սպասել չտվեց: Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ, որը, ըստ իս, ամենաժողովրդականն է Հայաստանի «Մուսալեռ» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպության հանդիսություններից և հոբելյանի կապակցությամբ հուշարձանի շուրջ էր հավաքել նաև բազմաթիվ հյուրերի և մուսալեռցիների արտերկրից, ինձ ներկայացրին ճերմակամորուս մի անձնավորության, ով ինքնամոռաց խնդությամբ և երիտասարդական ավյունով վայելում էր տոնակատարության ամբողջ բերկրանքը: Սեպտեմբերի նախավերջին կիրակի օրը մատուցվող ամենամյա հարիսայի օրհնությունն ու հյուրասիրությունն ուղեկցվում էին խարույկի շուրջ և բաց հրապարակում երաժշտությամբ և պարով, իսկ մուսալեռցիների նշանավոր մեծ թմբուկ-գոսը բազմապատկում էր մասնակիցների ոգեղենությունը՝ վերարթնացնելով նախնյաց ըմբոստության և ազատատենչության հիշողությունը: Լևոնը նկատելի էր բազմության մեջ: Նա աճապարում էր մասնակցել բոլոր ձեռնարկներին, որ այդ օրը և նախորդ երեկոյան կազմակերպվել էին Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնաճյուղ Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում՝ խարույկը բոցավառելիս, թոնրում հաց թխելիս, հարիսան եփելիս, թանգարանային ցուցադրությունը դիտելիս։ Նրա ոգևորությունն ու խանդավառությունն այնքան վարակիչ էին, որ բարձր տրամադրությամբ էին համակում ամբողջ շրջապատը, մթնոլորտը ներարկում հայրենասիրությամբ ու խնդությամբ: Հավանաբար նրա ներաշխարհում միահյուսվել էին անցյալի, ներկայի և ապագայի, հայրենի բնօրրանի և Մայր հայրենիքի մասին իր մտքում և հոգում բնակվող բոլոր հին ու նոր զգացմունքներն ու հույզերը, և դրանց խռովքն էր, որ ազատորեն պոռթկում էր ի լուր և ի տես բոլորիս: Ինքն իր աշխարհի հետ, միաժամանակ՝ հավաքականության մաս։
Լևոնն Այնճարից Հայաստան էր եկել մասնավորապես Մուսա լեռան հերոսամարտի հայաստանյան հոբելյանական հանդիսություններին մասնակցելու նպատակով, նաև դրանք լուսանկարելու և այդ հիշողությունն իր հետ և իր մեջ անընդհատ կրելու առաքելությամբ: Մուսա լեռ հասկացությունն իր բոլոր երեսակներով նրա ապրելու իմաստն ու բովանդակությունն է: Անշուշտ, այդ գաղափարն ու նվիրումն էր, որ նրան տարիներ առաջ Հայաստան բերեց, որովհետև այդ բնավորության և դավանանքի տերն իրեն երբեք չէր ների Արցախյան ազատամարտին անմասն մնալը: Մերօրյա Արցախն անցյալի Մուսալեռն էր, Վանը, Մուշը, Սասունը, Շատախը, ՈՒրֆան, Շապին Գարահիսարը… Անընկճելի, ըմբոստ և ազատատենչ հայի տեսակը: Նա, ում արժանապատիվ նկարագիրը չի հանդուրժում որևէ ոտնձգություն իր հայրենիքի և հայրենակիցների դեմ, ով պատրաստ է հանուն իր նվիրական իրողությունների զոհաբերելու կյանքը, որովհետև հայրենիքն իրենից դուրս գոյություն ունեցող տարածք չէ, այլ իր մեջ, իր ներսում է և քնած թե արթմնի հոսում է իր երակներում, որպես իր էությունից անբաժանելի կենսահյութ: Լևոնը զինվորագրվեց Շուշիի ՀՅԴ առանձնակի գումարտակին և կռվեց իր կռիվը դարավոր նեռի դեմ ոչ միայն որպես հայրենիքի նվիրյալ, այլև որպես մուսալեռցի, իր հարազատ Մուսալեռան կարոտը հոգում հավիտենապես կրելով, նաև իր պապերի անունից։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացավ մի շարք պարգևների, շնորհակալագրերի և պատվոգրերի: Նա հպարտորեն կարող է արձանագրել, որ իրավամբ վաստակել է իրեն շնորհված Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ մեդալները, ընդգրկվել ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շարքերը և այլն։ Կան և տակավին մեր կողքին ապրում են այդպիսիք, ովքեր խոնարհվել գիտեն պատմական հիշողության առջև և իրենց ուսերին են վերցնում նրա հետ տալ և առնելու պատասխանատվությունը, նրանք հարազատ հետնորդներն են այդ պատմությունն անձնուրացաբար կերտած ու իրենց ժառանգած հերոսների, և իրենց ներսում են կրում ամենայն հոգևորն ու բարոյականը՝ արհամարհելով և ի չիք ընդունելով նյութականությունն ու անձնասիրությունն իրենց բոլոր դրսևորումներով: Այդպիսին է Լևոնը: Համեստ, խոնարհ, սակայն անհանգիստ, ըմբոստ և պատվախնդիր:
Ծնվել է 1952 թվականին, Լիբանանի Այնճար քաղաքում, մուսալեռցու ընտանիքում: Տակավին մանկահասակ Լևոնին որպես հեքիաթային հրաշապատում էին պատկերանում Մուսա լեռան Խըդերբեք գյուղից 1939 թ. գաղթած Լևոն պապի պատմությունները, թեև դրանք ըստ էության Լեռան բարձունքին մարտնչած պապի իրապատում ասքն էին մի բուռ խաղաղ շինականների հերոսամարտի մասին, ովքեր հարկադրված էին պաշտպանվել թրքական կանոնավոր բանակի և քրդական ավարառու խուժանի հարձակումներից: Մուսա լեռանը և իրենց ազատաբաղձ ոգուն ու անզիջում կամքին ապավինած նախնիների հերոսականությունն ինքնապաշտպանական գոյամարտում ի վերջո պսակվեց անհնազանդ բնակչության հաղթանակով: Ճակատամարտերի ընթացքում մուսալեռցիները տվեցին տասնութ զոհ: Նրանց հիշատակի հավերժացման և սրբավայրերի ստեղծման, նրանց հիշատակն ըստ արժանվույն ոգեկոչելու գաղափարը տարիներ շարունակ հանգիստ չի տալիս Լևոնին, վերածվում է սևեռուն նպատակի: Նպատակ, որի իրագործումը նա համարում է զուտ իր մենաշնորհն ու պարտքը: Մտահոգությունը ծնունդ էր այն դառն իրողության, որ բախտի քմահաճույքին և անտերության էին մատնված Լեռան գագաթին հանգչող հերոսների շիրիմները, հայրենապաշտ հայրենակիցները զրկված էին նրանց հիշատակը մարտիրոսվելու վայրում խնկարկելու հնարավորությունից: Թրքական իշխանությունների բռնազավթած տարածքից մասունքները դուրս բերելու և հանրությանը մատչելի դարձնելու նպատակն անդիմադրելի և փափագելի էր, որը վերացականությունից անհրաժեշտ էր վերածել իրական ծրագրի: Լևոն Թաշչյանի որոշումը երդման նման անբեկանելի էր. անհրաժեշտ էր օր առաջ կործանումից փրկել մասունքները և տեղափոխել Այնճար: Առաջին քայլը, որ կատարեց Լևոնը, քաղաքակիրթ ճանապարհով խնդրի լուծումն էր, թեև արդյունքն ի սկզբանե կանխատեսելի էր: Նա դիմեց Լիբանանի թրքական դեսպանատուն՝ թույլտվություն հայցելով Այնճար տեղափոխելու Մուսա լեռան վրա հանգչող տատի աճյունը, սակայն, ինչպես և սպասելի էր, մերժվեց այն պատճառաբանությամբ, թե դժվար, ավելին, նման գործառույթն արգելված է: Պատասխանն ամենևին չհուսալքեց և թևաթափ չարեց Լևոնին, և նա գործի դրեց իր տարբերակը. տասնութ դյուցազունների մասունքները տեղափոխելու համար հղացավ մի միջոց, որը վտանգներ էր պարունակում, սակայն իրականանալի էր, եթե պահպանվեին գաղտնիություն և զգուշություն: Մարմնամարզիկ-վազորդ Լևոնը հայտարարեց իր քայլարշավի մասին՝ ուխտագնացություն Այնճարից մինչև Մուսալեռ, իսկ բուն նպատակը հայտնեց միայն մեկին՝ Այնճարի քահանային՝ խորհրդակցելով և նրա հետ քննարկելով խնդիրը: Ձեռնարկի ենթատեքստին անտեղյակ այնճարահայությունը մեծ ոգևորությամբ և քաջալերանքով ճանապարհեց նրան: 750 կմ տարածությունը Լևոնը քայլեց, անցավ տասն օր ու գիշեր, հաղթահարեց բազմաթիվ և բազմապիսի խոչընդոտներ, կտրեց անցավ Լիբանանի, Սիրիայի, թրքաբնակ գյուղերն ու բնակավայրերը: Վերջապես նա Մուսալեռում էր, որտեղ նրան գրկաբաց դիմավորեցին Վագըֆ գյուղի բնակիչները՝ երբեմնի հայաշատ վեց գյուղերի բեկորները՝ հիանալով ուխտավորի համառությամբ, կամքով և վճռականությամբ: Լևոնն իրապես դրսևորեց սկզբունքային նպատակասլացություն: Ամբողջ ընթացքում նրան հետապնդել էր հայրենի բնօրրանի տեսլականը, մեծ հայրենիքի գաղափարը, որը ծնվում է փոքրից, այն ճանաչելու և նրան անկեղծ ծառայելու գիտակցումից, որպես ապրելակերպի իմաստավորում։ Երկօրյա հանգստից հետո հոր քեռորդու հետ նրանք ձեռնամուխ եղան ծրագրի իրականացմանը: Բարձրացան Մուսա լեռան բարձունքները, անցան այն կածաններով ու արահետներով, որտեղ իննսուն տարի առաջ ծավալվել էին կենաց-մահու մարտերը, փորձեցին մտովի վերականգնել պատմական այն օրերի իրադարձությունները: Նահատակների շիրիմները Լևոնը գտավ քանդված և ավերված վիճակում: Գերեզմաններն արժանացել էին նույն դառը ճակատագրին, ինչ նրանց պատվին կառուցված հուշարձանը: ՈՒրեմն երիցս իրավացի էր Լևոնը՝ իր ծրագիրը նախաձեռնելիս: Անհրաժեշտ էր մարդակերպ բորենիների երախից փրկել հերոսների գոնե մասունքները։ Նրանք խնամքով տոպրակի մեջ հավաքեցին փոշիացող մանր ոսկորներն ու հողը, և Լևոնը նույնպիսի քողարկումով, որպիսին հետամտած ծրագիրն էր, բարեհաջող վերադարձավ Լիբանան, Այնճար: Այստեղ արդեն նա երեք մասի է բաժանում տոպրակի պարունակությունը՝ մեկն ուղարկելով Հայաստան, մյուսը՝ Կանադա, երրորդը թողնում Այնճարում: Վերոնշյալ վայրերում տեղի են ունենում մասունքների վերաթաղման և հերոսների հիշատակի և ոգեկոչման արարողություններ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված կոթողների տարածքներում, նրանց հարևանությամբ: Այդպիսով իրականանում է Լևոն Թաշչյան մուսալեռցու գերնպատակը: Մայր հայրենիքում արարողությունը կատարվում է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի հարևանությամբ, և բազմաչարչար մասունքներն ի պահ են տրվում հայրենի հողին 2005 թվականին, համապատասխան հանդիսավորությամբ, հուշարձանի արտաքին պատի տակ, երկու արտաքին պատերի անկյունում: Իհարկե, կարևոր և շնորհակալ ձեռնարկ էր, սակայն տեղի ընտրությունը՝ վիճարկելի: Ցանկալի էր, որ սրբազան մասունքներն ամփոփվեին հուշարձանի առավել տեսանելի և հանդիսավոր հատվածում, ինքնաբերաբար իրազեկեին սրբավայրի առկայության մասին: Լևոնը համամիտ է մտահոգությանս, առավել ցուցանելի և պաշտոնական հատված տեղափոխելուն համաձայն են շատերը, իսկ երբ նրան մատնացույց եմ անում հուշարձանի կամարների տակ գտնվող բաց տարածքը և հայտնում այնտեղ՝ Ռաֆայել Իսրայելյանի նշանավոր տուֆակերտ սրի առջև հանդիսավորությամբ վերաթաղում կազմակերպելու գաղափարը, նա անկեղծ հիացմունքով համաձայնում է, թե չէ շատերը նույնիսկ անտեղյակ են այդ սրբավայրի գոյությանը, և այն իրավամբ պետք է զբաղեցնի կենտրոնական և ուշագրավ տեղ։ Ինչևէ:
Լևոն Թաշչյանի գործունեության մեջ մի առանձին մաս է կազմում լուսանկարչությունը, որը նրա բնավորությանն ու տեսակին հարիր հետևողականությամբ դարձյալ ծառայեցվում է հայապահպանությանը, Հայ դատի քարոզչությանը, Ցեղասպանության ճանաչմանն ու հիմնախնդրի քարոզչությանը: Տարիներ շարունակ, մասնավորապես 1998 թ., նա շրջում է Արևմտյան Հայաստանում, լուսանկարում հայկական պատմամշակութային հուշարձանները՝ վանքեր, ամրոցներ, կամուրջներ և բռնազավթված այլ կառույցներ, որոնք արարվել են հայի ձեռամբ, հաղթահարելով թրքական գաղտնի ծառայությունների հյուսած ոստայնները, և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպել Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հայաստան-Արցախում, և լուսանկարների վաճառքից գոյացած գումարները նվիրաբերել տեղերի հայկական հաստատություններին: ԱՄՆ-ի Կոնգրեսում նրա կազմակերպած ցուցադրության արդյունքում, ծանոթանալով լուսանկարները ներկայացնող խտասալիկին, կոնգրեսական Ադամ Շիֆը գնահատում է նրա բացառիկ գործունեությունը շնորհակալագրով՝ հայ ժողովրդին և Հայ դատին մատուցած ծառայությունների համար: Ազգային հիմնախնդիրների մտահոգությունը 1999 թ. այս համեստ և անհանգիստ գործչին դարձյալ բերում է Հայաստան, որտեղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ քննարկում է իր առաջարկություններն ու մոտեցումները:
Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում ներկայումս առաջին անգամ պետականորեն իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, հիմնանորոգման և եզակի ցուցադրության կազմակերպման աշխատանքներ: Կանգնեցվում են քանդակներ, վերանորոգվում են տարածքն ու շինությունները, անվանակոչվում են փողոցներ, նախապատրաստվում է հերոսամարտի մասին մուսալեռցիների հուշերի և վկայությունների ժողովածուի հրատարակումը, առկա է բազմաթիվ ծրագրեր պետական և մասնավոր միջոցներով կյանքի կոչելու պատրաստակամություն: Ի վերջո, Սփյուռքի որ գաղթօջախում էլ նշվի հերոսամարտի 100-ամյակը, բոլորի հայացքները կենտրոնանում են դեպի մայր հայրենիքը: Անձնական կյանքի խնդիրներից առաջ և հետո հայի ապրելու իմաստավորումը միտված է ազատ և անկախ հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, միացյալ հայրենիքի կերտմանը: Այս մտածողությամբ և հոգեբանությամբ է առաջնորդվում մուսալեռցի Լևոն Թաշչյանը։
Ծանոթանալով այս մարդուն, նրա կյանքի և գործունեության առանձին դրվագներին, ցանկանում ես հանրության շրջանում տարածել դրանք, որպես օրինակելի ապրելակերպի հուշում, արժանվույն գնահատել նրան և նրա տեսակը, որովհետև ոգեպես ամրանում և լավատեսությամբ ես լցվում, խոնարհվում այդ անձի առջև, հարգանքով լցվում հայ մարդու այդ տեսակի հանդեպ, ներքուստ հպարտանում, որ անապատացող հոգևոր աշխարհում նմանների շնորհիվ պահպանվում է ազգիդ դիմադրողականությունը, հայրենապաշտությունը, գործնականորեն դրսևորվում ազգային խնդիրներին ծառայելու մարդկային առաքելությունը: Նրանք ապրում են մեր կողքին կամ հեռու մեզնից, միևնույն է, թե որտեղ կբնակվեն, նրանց սփռած հավատի, գեղեցիկ և իմաստավորված ապրելու հունդերը ծլարձակում են շուրջդ, քեզնից հեռու և քո ներսում, և դու երազում ու ցանկանում ես, որ նրանց օրինակը վարակիչ լինի: Իսկ եթե շատ ես ցանկանում և հավատում, այդպես կլինի:


Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ