REGNUM-ը հաղորդում է, որ Մոսկվայում մամլո ասուլիսում Բակո Սահակյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը՝ Արցախի մասնակցությամբ: «Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն անօգուտ ու անհեռանկար է: Մեր բանակը ամբողջ հայ ժողովրդի հպարտությունն է, որի փառքը կոփվել է կռվի դաշտերում: Հաղթանակները, որ տարել է մեր բանակը մեզ պարտադրված պատերազմում՝ մեզնից թվական գերակշռություն ունեցող հակառակորդի նկատմամբ, պարզ ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պաշտպանել սեփական անկախությունը»՝ հայտարարել է Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ «կոպիտ ռազմական ուժով իրավիճակը փոխելու ցանկացած փորձ արմատախիլ կարվի, պատասխանը կլինի համարժեք ու կործանարար»: «Բաքուն աղավաղել է բանակցային գործընթացի ձևաչափը՝ փաստացի հանգեցնելով Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումների մակարդակին: Մենք այդպիսով ստացել ենք բավականին բարդ իրավիճակ: Ադրբեջանական-ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է վերականգնել Արցախի իրավունքը իբրև բանակցության իրավահավասար մասնակցի, որ արձանագրված է 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտյան սամմիթի որոշմամբ»՝ ընդգծել է Բակո Սահակյանը՝ կրկնելով, որ ամբողջ ժողովրդի ճակատագրի հարցը չի կարող լուծվել առանց նրա անմիջական մասնակցության: