Երեկ Ադրբեջանի նախագահը ժամանեց զինված ուժերի զորամասերից մեկը, որի տեղակայման վայրը լրատվամիջոցները չեն բացահայտում: Մի քանի ժամ տևած այցելության ընթացքում Ալիևին ուղեկցում էր Ադրբեջանի զինված ուժերի ողջ հրամանատարական կազմը` այդ թվում գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիխովը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանի պետական լրատվական գործակալության` Azertag-ի կադրերից դատելով` Իլհամ Ալիևը այցելել է հակաօդային պաշտպանության զորամաս: Համացանցում տեղադրված չորսրոպեանոց տեսանյութում ցուցադրվում են Ռուսաստանից գնված նորագույն հրթիռային համակարգերը: «Պետության ղեկավարը ծանոթացավ S-300 PMU Favorit տեսակի զենիթահրթիռային բրիգադի պրակտիկ գործողություններին, հետևեց անձնակազմի մարտական հերթապահության ընթացքին»,- հաղորդում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:
Ռուսական C-300 հրթիռային համակարգերը՝ ընդհանուր առմամբ երկու դիվիզիոն, Ադրբեջանը գնել է 2010-ի ամռանը: Մոսկովյան «Ведомости» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանը ռուսական «Рособоронэкспорт» ընկերությանը S-300 համակարգերի դիմաց վճարել է առնվազն 300 միլիոն դոլար: 2010-ի դրությամբ S-300 համակարգերի վաճառքը Ադրբեջանին ռուսական արտադրության զենքի` նախկին խորհրդային հանրապետությունների միջև իրականացված խոշորագույն գործարքն էր: Հակաօդային պաշտպանության զորամաս այցի ընթացքում Իլհամ Ալիևին ցուցադրել են նաև «սեպտեմբերի 15-ին Աղդամի մերձակայքում խոցված X-55 մակնիշի հայկական անօդաչու սարքի բեկորները»: Հայկական կողմը դեռ սեպտեմբերին էր հերքել անօդաչու սարքի կորստի փաստը: «Հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»,- հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: