Փարիզում ահաբեկչությունները, որոնք ակնհայտ համաձայնեցված էին, տեղի են ունեցել միանգամից մի քանի վայրերում տարբեր մեթոդների կիրառմամբ՝ հայտարարել է Stratfor վերլուծական կենտրոնը և ահաբեկչություններից հետո սպասվելիք իրադարձությունների կանխատեսումներ է արել: Ահաբեկչությունների առաջին ալիքը երկու մահապարտների հարձակումն էր Stade de France-ում, որտեղ այդ պահին Գերմանիա-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումն էր (խաղին ահաբեկչության պահին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նրան հեռացրել են դեպքի վայրից, այնուհետև նա հանդիպել է ՆԳ նախարար Բեռնար Կազանևի հետ): Հայտնի չէ, թե ահաբեկչության ժամանակ օգտագործվե՞լ են նռնակներ կամ այլ պայթուցիկներ. հնարավոր է մահապարտների մասնակցությունը ահաբեկչությանը: Նույն ժամանակ զինված անձինք մեքենայով անցնելով կամբոջական ռեստորանի կողքով՝ կրակ են բացել մարդկանց վրա: 25 րոպե անց զինված մարդիկ կրակ են բացել Շարոն փողոցում, և առաջին ահաբեկչությունից մեկ ժամ անց հարձակում է եղել Լուվրի և Les Halles առևտրական կենտրոնի վրա: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները հսկողություն են իրականացնում 10-րդ և 11-րդ շրջաններում՝ ռեստորանների, բարերի և մարզադաշտի շրջակայքում: Փարիզի այդ հատվածները շատ են այցելում զբոսաշրջիկները և երիտասարդությունը: Betaclan համերգասրահում ահաբեկիչները մոտ 100 հոգու պատանդ են վերցրել:
Հնարավոր է՝ Փարիզում իրադարձությունները զարգանան կայծակնային արագությամբ. ցանկացած պահի իրավիճակը Betaclan համերգասրահում կարող է փոխվել, եթե հատուկ ծառայության աշխատակիցները համարեն, որ ահաբեկիչները պատրաստվում են կրակ բացել պատանդների վրա: Փարիզի ահաբեկչությունները ցնցող, սակայն սպասելի իրադարձություններ էին: Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների շատ քաղաքացիներ Սիրիայում միացել էին ծայրահեղականների խմբավորումներին: Կարևոր է պարզել՝ ահաբեկչությունները «տեղակա՞ն են», թե՞ հարձակվողները պատրաստվել և օգնություն են ստացել արտասահմանից՝ ԴԱԻՇ-ի կամ Ալ-Քաիդայի կողմից: Փախստականների հոսքը Եվրոպա ուժեղացնում է ջիհադականների՝ Եվրոպա մուտք գործելու վտանգը:
Ահաբեկչությունները քաղաքական հետևանքներ կունենան: 5 օր հետո Ֆրանսիայի միակ ավիակիր նավը՝ «Շառլ դե Գոլը», պետք է մեկնի Պարսից ծոց՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Եթե հաստատվի, որ Փարիզում ահաբեկչություն իրականացնողը ԴԱԻՇ-ն է, Ֆրանսիան ավելի կակտիվացնի իր մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Մինչդեռ Սիրիայում իրավիճակը ավելի խճճվում է և ավելի մեծ թվով մասնակիցների է ներգրավում: Քաղաքական տեսանկյունից Փարիզի ահաբեկչությունները հիշեցնում են Ֆրանսիայի նախկին էթնիկ լարվածությունները: Նախորդող ամիսներին ուշադրությունը այդ հարցով կենտրոնացած էր հարևան Գերմանիայի վրա: Փախստականներից շատերը արևելքից և հարավից գալիս են Գերմանիա, քչերն են շարունակում ճանապարհը դեպի Ֆրանսիա: Ֆրանսիան առանձնապես չէր խառնվում փախստականների հարցի լուծմանը: Թեպետ կիսում էր Գերմանիայի առաջարկը, որ փախստականները պետք է տեղաբաշխվեն ողջ Եվրոպայով մեկ: Ահաբեկչությունները կուժեղացնեն այն դիրքորոշումը, որ պետք է կանգնեցվի փախստականների հոսքը և փակվեն եվրոպական շատ երկրների սահմանները:
Ահաբեկչություններից հետո հնարավոր է աճի Մարի Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցության հեղինակությունը, որ կողմ է փախստականների հոսքը դադարեցնելուն: