Զավեշտալի և անբարոյական է, որ Ադրբեջանի նախագահը՝ Փարիզի ահաբեկչություններից հետո փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին՝ հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևի հայտարարությունները։ «Դա անհաջող փորձ է՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցող անմիջական կապերից»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Նա կարծում է, որ բազմաթիվ փաստեր վկայում են, որ ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես՝ «Ալ Քաիդա»-ն, կապեր ունեն Ադրբեջանի հետ: «Բազմաթիվ փաստերից բերենք մի քանիսը,- շարունակեց Քոչարյանը,- Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայում Ադրբեջանը ներգրավել էր հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաևի գլխավորությամբ հարյուրավոր գրոհայինների, Աֆղանստանից՝ շուրջ երեք հազար վարձկաններ, այդ թվում ևս մեկ հայտնի ահաբեկիչ Խաթաբի գլխավորությամբ։ Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ 1995-ից Բաքվում ակտիվորեն գործել է Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցչությունը։ 1998-ին Նայրոբիում ամերիկյան դեսպանության պայթյունից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները արձանագրել են Բեն Լադենի վաթսուն հեռախոսազանգ Բաքու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 2002-ի նոյեմբերի 25-ի հայտարարությունում ընդգծել է Ալ Քաիդայի հետ կապեր ունեցող կազմակերպությունների առկայությունը Ադրբեջանում։ ԱՄՆ-ի Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ է։ Հարյուրավոր Ադրբեջանի քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզի զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը»: «Էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, որ հերոսացնում է մոլագար մարդասպաններին և մի ամբողջ ժողովրդի իր երկրի թիվ մեկ թշնամին է համարում»,- եզրափակեց փոխարտգործնախարարը: