ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սինայի թերակղզում А321 ինքնաթիռի կործանումը Ռուսաստանում դիտվում է որպես հարձակում ողջ պետության վրա, և ինքնապաշտպանվելու իրավունքը կիրագործվի բոլոր թույլատրելի միջոցներով։ «Ինչպես նշեց նախագահը, մեր գործողությունները հիմնված են լինելու ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա, որ նախատեսում է ցանկացած պետության անհատական կամ հավաքական ինքնապաշտպանություն՝ իր վրա հարձակվելու դեպքում: Իսկ Սինայի թերակղզում հենց հարձակում է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների վրա, ինչը հավասարազոր է պետության վրա իրականացված հարձակմանը։ Ինքնապաշտպանության իրավունքը կիրագործվի բոլոր թույլատրելի միջոցներով՝ թե քաղաքական, թե ռազմական, թե հատուկ ծառայությունների ու հետախուզության գործադրմամբ»,- հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսում։