ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը Երևանում է

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը Երևանում է
19.11.2015 | 11:42

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքը Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով և արդեն հանդիպել է ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման հաջողված ձևաչափ է: Նա բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը ԱՄՆ-ի աջակցությունը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ջանքերը: Նախագահը կարևորել է նաև ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը, ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին ԱՄՆ-ի գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը հատկապես կարևոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների և Փարիզում տեղի ունեցածի համատեքստում: «ԱՄՆ-ը և Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում: Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը՝ 2004-ից Կոսովոյում և 2010-ից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, 2014-ից Լիբանանում՝ ՄԱԿ-ի շրջանակում, իսկ վերջերս Խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ-ի վեհաժողովում, Հայաստանն հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին: ՈՒրախ եմ լինել այստեղ՝ Երևանում և օգնել մեր երկու երկրների առևտրային կապերի սերտացմանը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով: Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական զարգացման, նաև սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,- ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիտ Բրինքը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքին ընդունելով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում գործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Բրիջիտ Բրինքը նշել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է հետագա խորացմամբ ու նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Հպարտ եմ, որ ԱՄՆ-ը օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներով խոշորագույն ներդրողներից մեկն է Հայաստանում, և լիահույս եմ, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի և Առևտրի ու ներդրումների հայ ամերիկյան խորհրդի՝ այս շաբաթվա երևանյան հանդիպումների միջոցով կկարողանանք վերհանել ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ առավել մեծացնելու ուղիներ: Բարձր մակարդակի հանդիպումների այս շարքը մեզ կօգնի ձևավորել առավել շահեկան առևտրային գործընկերություն», - ասել է Բրիջիտ Բրինքը:
Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը։ Կողմերն ընդգծել են, որ խնդրի կարգավորման շուրջ քննարկումներն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասակար են։
Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիտ Բրինքը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, հակամարտությունների կարգավորման ուղիները: ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում և մասնակցությունը այլ երկրներում խաղաղապահ գործողություններին։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ