Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր չի համարում իր հրաժարականը, քանի դեռ ԻՊ-ի դեմ հաղթանակ ձեռք չի բերվել՝ ինչպես հայտարարել է իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Քաղաքական փոխանցման ժամանակացույցը պետք է աշխատի ահաբեկիչներին հաղթելուց հետո: Հնարավոր չէ քաղաքական արդյունքներ ունենալ, քանի դեռ ահաբեկիչները վերահսկում են Սիրիայի տարածքների նշանակալից մասը»՝ ասել է Բաշար Ասադը: Ահաբեկիչներին հաղթելուց հետո անցման շրջանի համար Սիրիայի նախագահը սահմանել է 1,5-2 տարի և հնարավոր է համարել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին: «Այդ հարցում չկա որևէ կարմիր գիծ: Եթե սիրիացիները ինձ նախագահ ընտրեն, նրանց լավ ապագա է սպասում»,- ընդգծել է Բաշար Ասադը և հավելել, որ առանց ընտրությունների իշխանությունը պահելը քաղաքական սխալ է համարում: Հոկտեմբերի սկզբին Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ չի հապաղի հրաժարական տալ, եթե դա կօգնի ճգնաժամը հաղթահարել: Ռուսաստանը և Իրանը համարում են, որ նախագահ Ասադը պետք է մաս կազմի անցումային շրջանի և սիրիացիները պետք է որոշեն, թե ով է գլխավորելու իրենց պետությունը: ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատրաստ են հաշտվել Ասադի ներկայությանը կարճ անցումային փուլում, բայց համարում են, որ հետո նա պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: