Քրդական համայնքների միության (KCK) ղեկավարման խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը, որ միաժամանակ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թևի առաջնորդներից է, Azadiye Welat և Politika թերթերին հայտարարել է, որ եթե Թուրքիան չխոչընդոտի, Սիրիայում ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքան կարճ ժամանակում կազատագրվի ԻՊ-ից: Նա ասել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և քաղաքական, և նյութական, և բարոյական աջակցություն է ցուցաբերում ԻՊ-ին: Նրա խոսքով, Ռաքքայից ԻՊ-ին դուրս քշել չի հաջողվում, քանի որ խոչընդոտում է Թուրքիան, որը չի ցանկանում, որ ԻՊ-ը պարտվի Իրաքում և Սիրիայում: «Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG/YPJ), դեմոկրատական Սիրիայի ուժերը ունակ են կարճ ժամանակում հաղթել ԻՊ-ին և դուրս քշել Ռաքքայից, եթե Թուրքիան դադարեցնի ահաբեկիչներին աջակցությունը: Աշխարհը պետք է իմանա, որ թուրքական խոչընդոտի վերացումը ԻՊ-ի վերջն է նշանակում: Այդ պատճառով, եթե միջազգային ուժերը ցանկանում են պարտության մատնել ԻՊ-ին, առաջին հերթին պետք է վերացնեն Թուրքիայի խոչընդոտելը»,- ասել է Բայըքը: Նրա խոսքով` ասվածի ապացույցներից մեկն էլ Ստամբուլում Թուրքիա-Հունաստան ֆուտբոլի ընկերական հանդիպման ժամանակ Փարիզում ահաբեկչության զոհերի հիշատակի րոպեի ժամանակ մարզադաշտում երկրպագուների սուլոցներն ու իսլամիստներին քաջալերող պաստառներն են, ինչը AKP-ի մտայնության ցուցադրությունն է: «Որևէ տեղ տեսե՞լ եք քաղաքացիների մահվան համար ուրախացող հասարակություն: AKP-ի կառավարությունը Թուրքիան դարձրել է քաղաքացիական անձանց զանգվածային կոտորածի համար ուրախացող երկիր: Թուրքական հասարակությունը հասցվել է վախենալու վիճակի»,-հավելել է նա: