ՆԱՏՕ-ն երեկ երեկոյան հրավիրված արտակարգ նիստից հետո հանդարտության և իրավիճակի լիցքաթափման կոչ է արել՝ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական օդուժի Су-24 ինքնաթիռի խոցումից հետո։ ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը բազմիցս Թուրքիայի հետ իր համերաշխությունն է արտահայտել երկրի օդային սահմանի խախտումների առնչությամբ։ «Դա ընդգծում է համաձայնությունների և դրանք հարգելու կարևորությունը՝ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար»,- ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը։ ԱՄՆ-ի պաշտոնյաները հաստատել են Թուրքիայի պնդումները, որ ռուսական ռմբակոծիչը հայտնվել էր երկրի տարածքում, որն էլ պատճառ է դարձել խոցելու համար։ Ստոլտենբերգը հայտնել է, որ այլ դաշնակիցներ ևս տրամադրել են Անկարայի պնդումները հաստատող տեղեկատվություն։ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում։