Ռուսաստանը Թուրքիայի խոցած Սու-24 ինքնաթիռի կապակցությամբ ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն չի ակնկալում, բայց պատրաստ է համաձայնություն կնքել դաշինքի հետ նման միջադեպերից խուսափելու համար՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ռոուզ Գոթեմյուլերի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ես չեմ կարծում, որ այս հարցում ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից կարելի է օբյեկտիվություն ակնկալել, նրանք պաշտպանում են Թուրքիային՝ որպես դաշնակցի»,- ասել է դիվանագետը։ Ռյաբկովը կոչ է արել միջոցառումներ իրականացնել՝ այլևս նման աննախադեպ և հանցավոր հարձակումներ թույլ չտալու համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է դիտարկել ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիր կնքելու հարցը։ «Եթե ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, հիմա դիրքորոշում ձևակերպի հօգուտ ինչ-որ հավաքական բազմակողմանի փաստաթղթի, մենք դա կդիտարկենք։ Բայց մեծ հաշվով դա նույնն է, թե հեծանիվ հայտնագործես»,- նշել է փոխարտգործնախարարը։ Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին հարկադրել է արդարացնել ռուսական ռմբակոծիչի խոցման փաստը։ Գրուշկոն ասել է, որ դաշինքը ղեկավարվում է բացառապես քաղաքական նպատակահարմարություններով։