ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ Թուրքիային և Ռուսաստանին հորդորել են խուսափել իրավիճակի հետագա սրումից՝ կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Су-24 օդանավի խոցման հետ: Օբաման հայտարարել է․ «Թուրքիան բոլոր երկրների նման իրավունք ունի պաշտպանելու իր տարածքները, օդային սահմանը»: «Այս պահին մեզ համար շատ կարևոր է համոզված լինելը, որ Ռուսաստանը և Թուրքիան զրուցում են իրար հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և կձեռնարկեն միջոցներ՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Բարաք Օբաման ասել է, որ առաջիկա օրերին կզրուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Իրավիճակի սրման անթույլատրելիությունն է ընդգծել Ֆրանսուա Օլանդը:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների զրույցի առանցքային թեմաներից է եղել «Իսլամական պետության» դեմ պայքարը: «Մենք նախագահ Օբամայի հետ որոշել ենք ուժեղացնել հարվածները Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը: «Սա կարևոր պահ է ազգերի և աշխարհի համար»,- ասել է Բարաք Օբաման: ԱՄՆ-ի նախագահը «Իսլամական պետություն» խմբավորումը բնորոշել է իբրև բարբարոսական, ահաբեկչական և ասել. «Դա չի կարող հանդուրժվել, պետք է ոչնչացվի, և մենք դա պետք է անենք միասին»:
Բարաք Օբաման ընդգծել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի բարեկամն է: «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես էին ֆրանսիացիները կանգնել մեր կողքին սեպտեմբերի 11-ից հետո, և այսօր մենք կանգնում ենք ձեր կողքին»,- ֆրանսիացի գործընկերոջն ասել է ԱՄՆ-ի նախագահը: