Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում անդրադարձել է թուրքական կործանիչների կողմից ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման դեպքին ու հայտարարել, որ խոցելու հրամանն ինքն անձամբ է տվել։ Haberler կայքը հաղորդում է, որ Դավութօղլուն պնդել է՝ չնայած իրենց բազմաթիվ զգուշացումներին, ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, ինչից հետո թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցել է: «Մեր ժողովների ընթացքում ես անձամբ եմ Թուրքիայի զինված ուժերին հրահանգել, թե ինչ պետք է անել»,- ասել է Դավութօղլուն: Նա հայտարարել է, որ ինքնաթիռը խփվել է Թուրքիայի տարածքում, անգամ բեկորներից Թուրքիայի երկու քաղաքացիներ են վիրավորվել: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ ինքնաթիռը ռուսական է, և տեղեկացել են միայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից: «Այդ դեպքից հետո մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ խզել կապերը, խնդիրներ ունենալ: Ռուսաստանը մեր բարեկամն է, հարևանը: Մեծ պետությունների հարաբերությունները չեն կարող զոհաբերվել պատահարների պատճառով: Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է և վերջին 13 տարում դարձել է այն երկրներից մեկը, որի հետ հարաբերությունները շատ ենք կարևորում»,- ասել է Դավութօղլուն։