Թուրքական Humanitarian Relief Foundation իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Թուրքիայի և Սիրիայի սահմանին մարդասիրական ավտոշարասյանը հասցված ավիահարվածի մասին։ Թուրքական ավտոշարասյունը ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավտոշարասյունն ուղղվելիս է եղել Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաք, որը սիրիացի ապստամբների հսկողության տակ է: Իրավապաշտպանները Facebook-ի իրենց էջում են տեղադրել այրվող բեռնատարների և կրակը հանգցնող հրշեջների հագուստով տղամարդկանց լուսանկարներ։ «Ինքնապաշտպանության ջոկատներն աշխատում են ցամաքում, քանի որ ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածեցին մարդասիրական օգնությամբ բեռնատարի վրա: Ազազ, Սիրիա»,- գրված է լուսանկարին կից հաղորդագրության մեջ: Հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, նրանց մեծ մասը եղել են բեռնատարների ղեկին:
Թուրքական Hurriyet-ը մեջբերում է սիրիացի ապստամբների հրամանատար Զեքերի Քարսլիի խոսքերը, որ ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները: «Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից»,- ասել է նա: Hurriyet-ը նաև նշում է, որ նախկինում այդ շրջանում ավիահարվածներ էին հասցնում սիրիական ռազմաօդային ուժերը: Ռուս զինվորականները դեռ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները: