Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Թուրքիայի մասին: Ֆրանսիան և Ռուսաստանը հետախուզական տվյալներ կփոխանակեն «Իսլամական պետության» և այլ զինյալ խմբավորումների վերաբերյալ՝ բարձրացնելու Սիրիայում իրենց օդային հարվածների արդյունավետությունը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Reuters-ի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարների միջև պահպանվում են տարաձայնությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի առնչությամբ: Խոսելով Կրեմլում Պուտինի հետ աշխատանքային ընթրիքից հետո՝ Օլանդը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել Սիրիայում միայն ԻՊ-ի և այլ ջիհադիստական խմբավորումներին հարվածներ հասցնելու հարցում: Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ասադի դեմ պայքարող և Արևմուտքի աջակցությունը վայելող ապստամբներին հարվածներ հասցնելու մեջ:
«Ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, և դա կարևոր է՝ միայն ահաբեկիչներին և «Իսլամական պետությանը» հարվածելն է ու ահաբեկչության դեմ պայքարող ուժերին չհարվածելը: Մենք տեղեկատվություն կփոխանակենք՝ ում հարվածել և ում չհարվածել»,- ասել է Օլանդը Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ Ֆրանսիան կմեծացնի աջակցությունը Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվող ապստամբներին: ՌԴ նախագահը անդրադարձել է վերջին օրերին ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը: «Մեր մտքով անգամ չի անցել, որ կարող ենք հարված ստանալ այն երկրից, որը համարում ենք մեր դաշնակիցը»՝ հայտարարել է Պուտինը: Նա բացառել է, թե թուրքական կողմը կարող էր չճանաչել ռուսական օդանավը, ինչպես պնդում է Անկարան: «Մենք կոալիցիային տեղեկացրել ենք, Թուրքիան կոալիցիայի անդամ է և պետք է իմանա, որ այնտեղ աշխատում է հենց ռուսական օդուժը: Էլ ո՞ր: Ինչ, եթե իմանային, որ ամերիկյան օդանավ է, կհարվածեի՞ն ամերիկյանին»,- ընդգծել է Պուտինը: Նա վստահեցրել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ գործակցության: «Բայց, իհարկե, մեր օդանավի ոչնչացման և մեր զինծառայողների զոհվելու նման միջադեպերը բացարձակապես անընդունելի են: Եվ մենք ելնում ենք նրանից, որ դա չի կրկնվելու»,- հայտարարել է Պուտինը: Նա ափսոսանք է հայտնել, որ թուրքական իշխանությունները «չմտածված և հիմարաբար» ավերեցին վերջին տասնամյակում Մոսկվայի հետ ձեռք բերված համագործակցության աննախադեպ մակարդակը: «Մենք Թուրքիան համարում էինք ոչ միայն հարևան, այլև բարեկամական պետություն, համարյա դաշնակից»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Խոսելով Սիրիայից ահաբեկիչների նավթի ապօրինի մատակարարումների մասին, Պուտինը հնարավոր համարել է, որ Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը տեղյակ չէ, սակայն հավելել, թե «դժվար է հավատալ»: «Խոսքը զավթված, ահաբեկիչների զավթած սիրիական տարածքներից նավթի արդյունաբերական մատակարարումների մասին է»,- ընդգծել է ՌԴ նախագահը՝ վկայակոչելով ռուսական օդանավերից արված լուսանկարները, որոնցում պատկերված է Սիրիայի տարածքից Թուրքիա նավթ տեղափոխող մեքենաների անվերջանալի շղթան. «Դա կարծես կենդանի նավթատար լինի»: «Եթե Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը ոչինչ չգիտի, թող իմանա», - հայտարարել է Պուտինը: Նա հաստատել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը և սիրիական բանակը ուժեղացրել են հարվածները ռուսական օդանավի կործանման շրջանում, ու դա, Պուտինի համոզմամբ, հիմնավորված է: «ՈՒրիշ էլ ինչպե՞ս: Այդպես էլ պետք է լիներ»,- հայտարարել է նա: