ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում է՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստին: Նա հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ և մտահոգություն հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից ՌԴ ռազմական Cy-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ. «Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական ինքնաթիռը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Աշխարհը փոխվում է, ձևավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, և այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»։ Շարմազանովը Նարիշկինին տեղեկացրել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը։ «Անցյալի ոճիրներին համարժեք գնահատական չտալը ծնում է նոր ոճիրներ, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններ, որոնց ականատեսն ենք այժմ»,- ասել է ԱԺ փոխնախագահը։ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ միջազգային հարթակներում Ռուսաստանին աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, որը հնարավորություն կտա խուսափել կրկնությունից: Սերգեյ Նարիշկինը նշել է. «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»: Նա շնորհակալություն է հայտնել 2016-ին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հայկական կողմի առաջարկի համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը: