Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզի կլիմայական հարցերով գագաթնաժողովի մամուլի ասուլիսում ասել է, թե ինչու ներկա չի եղել բացմանը բոլոր առաջնորդների համատեղ լուսանկարահանմանը ու Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակի մեկ րոպե լռությանը: «Գազետա»-ի փոխանցմամբ` իր չլուսանկարվելը Պուտինը բացատրել է «տեխնիկական պատճառներով», որոնք իրենց հերթին կապված են եղել իր «աշխատանքային գրաֆիկի» հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պուտինն ուշացել էր գագաթնաժողովի բացումից:
Ինքը՝ Պուտինը, ասել է նաև, թե անկախ լուսանկարվել-չլուսանկարվելուց, Ռուսաստանը ամենասկզբից իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիային, քանի որ ՌԴ-ն բազմիցս բախվել է ահաբեկչության հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզի կլիմայական հարցերով գագաթնաժողովում հանդես է եկել Մոսկվա - Անկարա վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություններով: Ռուսաստանյան ԶԼՄ-ների համապատասխան հաղորդումները` Tert.am-ի ամփոփման մեջ.
Խոսելով Սու - 24 օդանավի խոցման մասին` Պուտինն ասել է, որ ռուսաստանյան ռազմական օդանավը կարող էին խոցել «Իսլամական պետությունից» նավթի ներմուծման անվտանգությունն ապահովելու նպատակով: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը նոր ապացույցներ է ստացել առ այն, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից նավթ է հասնում Թուրքիա:
ՌԴ նախագահը նշել է, թե կարևոր չէ այն, որ Էրդողանն անձամբ չի ընդունել Սու - 24-ը խոցելու որոշումը: Իսկ կատարվածը նա Անկարայի մեծ սխալ է անվանել:
Պուտինը նաև նշել է, որ անձամբ իր համար շատ ափսոս են հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց կառուցման համար անձամբ ինքը երկար ժամանակ շարունակ շատ բան է արել: Սակայն միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները վաղուց էին հասունացել։