ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է

Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է
04.12.2015 | 10:05

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրի համատեղ հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ կայքում:
«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014-ին Սոչիի, ՈՒելսի ու Փարիզի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016-ին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,- հայտարարել են կողմերը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել: «Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետների ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը նաև կոչ է անում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները:
Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների հաղորդագրության մեջ կողմերը ողջունում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ գերիների ու անհետ կորածների հարցերում տեղեկություն փոխանակելու ոլորտում գրանցած առաջընթացը: Կոչ է արվում համաձայն 2010-ին Աստրախանում ստորագրված համաձայնագրի՝ ազատ արձակել բոլոր գերիներին: ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները նշել են, թե անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև երկխոսություն տեղի ունենա՝ հարևանների միջև փոխվստահության ձևավորման համար: «Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը: Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մեր ընդհանուր նպատակը տևական խաղաղության հաստատումն է և դրա համար մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ