Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անդրադարձել է վերջին օրերին ռուսական կողմից տարածվող պնդումներին, թե Թուրքիան իսլամիստ ահաբեկիչներից նավթ է գնում: Նա հայտարարել է, որ ապացույցներ ունի, թե ով կապ ունի ԻՊ-ից նավթի գնման հետ: «Մեր ձեռքում փաստեր կան: Եվ մենք դա կներկայացնենք ողջ աշխարհին»,- ասել է թուրք առաջնորդը, փոխանցում է Daily Sabah-ը։ Նա պնդել է, որ սիրիացի գործարար Ջորջ Հաշրավին, որը նաև ռուսական քաղաքացիություն ունի, նավթ է գնում ԻՊ-ից: Նա նաև հաղորդել է, թե գործարքների հետ կապ ունի «ռուս հայտնի մի շախմատիստ», սակայն անուն չի նշել։ Էրդողանի պնդմամբ՝ անգամ Ռուսաստանը չի հավատում իր տարածած ստին: «Ռուսաստանը պարտավոր է ապացուցել դա: Թող ապացուցի, և ես պատրաստ եմ թողնել այս պաշտոնը: Հստակ է, թե որտեղից է Թուրքիան գազ և նավթ գնում: Հայտնի է, թե ով է գնում դա: Ռուսական անձնագիր ունեցող սիրիացի Ջորջ Հաշրավին նավթի ապօրինի վաճառք է իրականացնում»,- ասել է նա: Էրդողանի պնդմամբ՝ իրենք միշտ բարձրաձայնել և հիմա էլ խոսում են այդ մասին: