Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց որոշում` պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ուղարկել հատուկ հանձնաժողով: Քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել բանաձևը հանձնաժողով ուղարկելու որոշմանը, 12-ը` դեմ: Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, սակայն վերջնական որոշում կայացվեց նախագիծն ուղարկել հատուկ հանձնաժողով: «Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ»,-քննարկման սկզբում հույս էր հայտնել Բուայեն: