Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծ է և կառուցման հարցում չկա որևէ խոչընդոտ։ Ալիևի խոսքերով՝ TANAP գազատարի կառուցումը կարող է ավարտվել 2018-ից էլ շուտ։ «Թուրքիան ու Եվրոպայի երկրներն այդ նախագծով իրենց կապահովեն գազի նոր աղբյուրով։ Ադրբեջանի հաստատված գազային պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր։ Երկնագույն վառելիքի արտահանման մեր հիմնական ուղին Թուրքիան է, և Թուրքիայից հետո՝ Եվրոպայի մյուս երկրները»,- ասել է Ալիևը։ Դավութօղլուն նույնպես հայտարարել է, որ TANAP-ի նախագիծը կարող է իրագործվել 2018-ից շուտ։ «Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման հարցում մեծ դեր են խաղում Կասպից ծովի ռեսուրսները։ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կազմում է Չինաստանից Եվրոպա ճանապարհի ողնաշարը։ Չինաստան այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը կքննարկի նաև այդ հարցը»,- ասել է Դավութօղլուն։ Նա ընդգծել է, որ իրենք նպատակադրվել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 5 միլիարդ դոլարից հասցնել 15 միլիարդի: