«Լևանդա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության նոյեմբերին անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիների 57 տոկոսը պատրաստ է 2018-ի նախագահական ընտրությունների ժամանակ կրկին ընտրել գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հարցվածների 11 տոկոսը պատրաստ է ընտրել այն թեկնածուին, ով կշարունակի Պուտինի քաղաքական գիծը։ 18 տոկոսը կընտրեր այն թեկնածուին, ով այլ լուծումներ կառաջարկեր Ռուսաստանի խնդիրների համար: 14 տոկոսը դժվարացել է պատասխանել նախագահի ընտրության վերաբերյալ հարցին: Սոցհարցման մասնակիցների 48 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանում չկա մեկը, որ կկարողանա փոխարինել Պուտինին, 33 տոկոսի կարծիքով՝ լավ փնտրելու դեպքում այդպիսի մեկին հնարավոր է գտնել: Սոցհարցմանը մասնակցել է 1600 մարդ` Ռուսաստանի 137 բնակավայրերից։