ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարում է, որ Թուրքիան կարող էր ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցել իր օդային սահմանը խախտելու պատճառով, սակայն խուսափում է ցուցադրել, որ բացահայտ աջակցում է Թուրքիայի գործողություններին՝ գրում է Foreign Policy ամսագիրը։ Սպիտակ տունը փորձում է չբարկացնել Ռուսաստանին և Թուրքիային, այդ պատճառով էլ չեզոք դիրքորոշում է ընդունել, կարծում է հոդվածագիրը։ Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու համար Վաշինգտոնն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքը և ԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանին մեղադրել կատարվածի մեջ։ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի անդամը և ԱՄՆ-ը ստիպված է պաշտպանել կատարվածի նրա տարբերակը։ «Օբաման հավասարակշռում է նուրբ սահմանային իր քաղաքականությունը՝ հռետորաբանորեն աջակցելով ՆԱՏՕ-ի իր դաշնակցի որոշումը, միաժամանակ չի ցանկանում, որ միջադեպը տապալի իր դիվանագիտական ջանքերը»,- ասել է Ազգային շահերի կենտրոնի փորձագետ Էնդրյու Բոուենը։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Օբամայի չեզոք դիրքորոշումը արդյունավետ չէ։ Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետ Էնդրյու Թեբլերը կարծում է, որ նման մոտեցումով Վաշինգտոնը կկորցնի Մոսկվայի և Անկարայի հարգանքը, իսկ ռուսները կհասկանան, որ Սիրիայում խաղաղության համար Օբաման պատրաստ է ամեն ինչի։ Մյուսները կարծում են, որ ԱՄՆ-ն այլընտրանք չունի և պետք է շարունակի թուլացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը հաշվի չի առնում, որ Թուրքիան չի ձգտում համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարում։ Անկարան ռմբակոծում է քրդերին և անտեսում է ամերիկացի գործընկերների կոչերը, որոնք պահանջում են փակել Սիրիայի հետ սահմանի այն մասը, որից օգտվում են ջիհադիստները։