«Իսլամական պետության» դեմ միջազգային պայքար մղելիս պետք է հստակ պատկերացնել, թե ով է մեր թշնամին։ ՆԱՏՕ-ն ուզում է ԻՊ-ի դեմ պայքարում ակնհայտորեն բարձրացնել իր անդամ Թուրքիայի անվտանգության մակարդակը և առաջին հերթին նրա օդային պաշտպանությունը՝ մոռանալով, որ ԻՊ-ն առհասարակ օդային զենք չունի։ Մյուս կողմից Թուրքիան անցյալ շաբաթ ապացուցեց, որ ինքը ոչ միայն պատրաստ է, այլև ի վիճակի է ռուսական ռմբակոծիչներ խոցել՝ Deutsche Welle- ում գրում է խմբագիր Քրիստոֆ Հասելբախը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ղեկավար ուժերը ամուր կանգնել են թուրքերի թիկունքին և պնդում են, որ Թուրքիայի դիրքորոշումը ճիշտ է՝ Անկարան իր օդային սահմանը պաշտպանելու իրավունք ունի։ Սակայն Սու-24 օդանավը խոցելը միայն լարում է իրավիճակը։ Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական միջոցներ է ձեռնարկում և Անկարային մեղադրում է ԻՊ-ից նավթ գնելու մեջ։ Մոսկվան ՀՕՊ համալիրներ է տեղակայում Լաթաքիայում, իսկ Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում ոչ թե ԻՊ-ի դեմ կռվելու, այլ Ասադին ընդդիմադիր չափավոր ընդդիմության դիրքերը ռմբակոծելու մեջ»,- գրում է հեղինակը։ Սիրիայի հարցում բախվել են Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։ «Իրականում առաջին հերթին այստեղ ակնհայտ է շահերի բախումը։ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ պայքարելու ԻՊ-ի և մյուս խմբավորումների դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ը։ Թուրքիան Ասադի դեմ է և ԻՊ-ին օգտագործում է Ասադի ու քրդերի դեմ պայքարում։ Սակայն միաժամանակ Թուրքիան ԻՊ-ին պաշտոնապես իրեն թշնամի է հայտարարում»,- շարունակում է հոդվածագիրը և հարցնում, թե ի վերջո ինչպիսի՞ն պետք է լինի ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիան։ «Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիայի ՀՕՊ համակարգերն ուժեղացնելը ռուսական կործանիչը խոցելու հետ կապ չունի։ Այդ դեպքում դա միայն կուժեղացնի լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, միայն ՆԱՏՕ-ի արևելյան որոշ դաշնակիցներն են շատ գոհ մնում, որ դաշինքի անդամներից մեկը վերջապես մեկ անգամ Ռուսաստանին «տեղն է դրել»։ Սակայն նման էսկալացիայի կարիք ՆԱՏՕ-ն հիմա հաստատ չունի։ Վտանգավոր է հատկապես, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին օգտագործել իր նպատակների համար և Ռուսաստանի դեմ։ Իսկ կողքից նայողն ու ծիծաղողը ԻՊ-ն է լինելու»,- եզրափակում է հեղինակը։