Ռուսաստանն իր ռմբակոծիչը Թուրքիայի խոցելուց հետո Էրդողանին մեղադրում է ԻՊ-ի հետ նավթային գործարքների մեջ։ Անկարան հերքում է մեղադրանքները, սակայն Թուրքիան իրոք տարանցիկ ուղի է ԻՊ-ի նավթի արտահանման ճանապարհին՝ գրում է ավստրիական Die Presse-ը։ «Ռուսական Սու 24-ը խոցելուց հետո Պուտինն ու Էրդողանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ, երբ Պուտինը Թուրքիային մեղադրեց ԻՊ-ի և Թուրքիայի միջև նավթի առքուվաճառքի գործարքները պաշտպանելու մեջ»,- գրում է հեղինակը և հիշեցնում, որ Էրդողանը ի պատասխան, հայտարարել էր, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն, պատրաստ է հրաժարական տալ։ «Սակայն Թուրքիայի և ԻՊ-ի շփումը տարբեր եզրեր ունի։ Չմոռանանք, որ ջիհադականները հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի Ջերաբուլուս և Քիլիս քաղաքների միջև 100 կմ երկայնքով ձգվող թուրք-սիրիական սահմանը, որով մաքսանենգ ճանապարհով զենք և այլ արտադրանք են անցկացնում։ Էրդողանը Սիրիայում իրականում 2 թշնամի ունի՝ նախագահ Բաշար Ասադը և քրդերը։ Թեպետ ֆորմալ առումով Թուրքիան միացել է միջազգային կոալիցիայի օդային հարվածներին, իրականում գրոհում է միայն Իրաքի հյուսիսում և Սիրիայում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը՝ թուլացնելով այն ուժը, որը պայքարում է ահաբեկիչների դեմ»,- շարունակում է հոդվածագիրը։ Հեղինակը նշում է, որ Պուտինի մեղադրանքներից հետո առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացվեց ԻՊ-ի նավթի վաճառքի վրա։ «Հարյուրավոր տանկերներով ԻՊ-ի սև ոսկին սկզբում անցնում է Իրաքի Քրդստան, որտեղ պաշտոնական փաստաթղթեր է ստանում, հետո ուղևորվում է Մերսինի, Ջեյհանի և Դորթյոլի նավահանգիստներ և դուրս բերվում երրորդ երկրներ»,- գրում է հեղինակը։ Պարբերականը, գնահատելով նավթից ստացվող եկամուտների ծավալը, մեջբերում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացրած թվերը։ «ԱՄՆ-ի ֆիննախի գնահատմամբ՝ ԻՊ-ը 2015-ին նավթի վաճառքից 500 մլն դոլար եկամուտ է ստացել։ Ջիհադականները զանգվածաբար զբաղվում են մարդկանց վաճառքով և դրամաշորթությամբ։ Իսկ նրանց 10 մլն ենթակաները հարկեր են վճարում «պետությանը»,- եզրափակում է հեղինակը։